Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հորդանանցի հոգեբանի կարծիքով` խորհրդային տարիների հայերն ավելի հյուրընկալ էին

Օգոստոս 14,2012 15:36

Հայ երիտասարդները թարս-թարս են նայում, անծանոթը, որ փորձի բարեւել, քիչ է մնում կոշիկը հանի եւ խփի գլխիդ, հայերի մեծամասնությունը, դատելով մարդկանց հայացքներից ու արտաքինից, կարես թե իրար թշնամին են: Այսօր «Ուրբաթ» ակումբում հայ հասարակության հոգեբանության մասին նման կարծիք հայտնեց Մերձավոր Արեւելքում հայտնի հոգեբան Կարապետ Զաքարյանը: Նա եկել է Հայաստան, որպեսզի իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցի տեղի մասնագետներին, սակայն, ինչպես պարոն Զաքարյանն ասաց, ոչ ոք նրա առաջարկին չի արձագանքել: Մինչդեռ, նրա խոսքերով ասած` մի շարք եվրոպական երկրներում եւ Մերձավոր Արեւելքում, ինքը բավականին մեծ համբավ ունի եւ շատերն են դիմում նրա օգնությանը:

Հոգեբանի դիտարակմամբ, հայ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է, ինչը պատճառը սոցիալական ծայրահեղ վատ պայմաններն են. «Հայաստանը աղքատության մեջ է, Հայաստանը մթության մեջ է: Ժողովուրդը աշխատանք չունի»:

Պարոն Զաքարյանի խոսքերով` հայուհիներն ավելի ուժեղ են, աշխատասեր եւ ավելի են հակված պաշտպանել սեփական ընտանիքը, քան հայ տղամարդիկ:

Մասնագետի պատմելով, ինքը խորհդային տարիներին Հայաստանում է ուսումն առել:

Հաշվի առնելով, որ պարոն Զաքարյանը պարբերաբար այցելում է Հայաստան, Aravot.am-ը հետաքրքրվեց, որեւէ տարբերություն, կամ փոփոխություն նկատե՞լ է խորհդային տարիների եւ անկախ Հայաստանի հայի միջեւ: Մասնագետը մեր հարցին պատասխանեց իր ուսանողական տարիներից մի պատմություն վերհիշելով. «Հորդանանից էի եկել, եւ նոր էի ուսանող դարձել: Հիշում եմ` այն ժամանակ տրամվայ կար: Ես բարձրացա տրամվայ ու մի ծերունի ինձ հարցրեց` տղա ջան, ինչո՞ւ ես տխուր: Ասացի, որ նոր եմ եկել Հայաստան, ոչ ոք չունեմ, ու ոչ ոքի չեմ ճանաչում: Այդ ծերունին ինձ տարավ իր տուն, իր ընտանիքի հետ ծանոթացրեց, ինձ հյուրասիրեց: Այսպիսի բաներ այսօրվա հայերի մեջ չկա»:

Կարապետ Զաքարյանն արդեն 3 տարի է ուզում է հայկական անձնագիր ստանալ, սակայն, չի հաջողվում: Պարոն Զաքարյանի պատմելով, մոտ 3 տարի առաջ անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցը, հոգեբանի բնորոշմամբ, անկիրթ է իրեն պահել, նույնիսկ հարվածել. «Ինձ հարցրեց, դու հա՞յ ես, ասացի` այո: Այդ ոստիկանն ասաց, ուրեմն թուղթ բեր, որ հայ ես: Ասացի` տղա ջան, ես այստեղ եմ սովորել, ինձ հետ այդպես մի խոսի, ես բժիշկ եմ, ճանաչված մարդ եմ: Նա նորից կրկնեց` թուղթ բեր, որ հայ ես: Նա ինձ զարկեց, ես էլ վերցրեցի ու ու թղթերս պատռեցի: Մենք օտարության մեջ կսպասենք, թե երբ պիտի գան հայրենիք, իսկ հայրենիքը մեզ այսպես է ընդունում: Ես ամեն տեղ հայ եմ, բացի` Հայաստանից»:

Aravot.am-ը պարոն Զաքարյանին խնդրեց որպես հոգեբան մեկնաբանել «ՕՎԻՐ»-ի աշխատակցի այդ քայլը` դա հայ պաշտոնյայի՞ կերպարն է, թե պարզապես հայկական ֆենոմեն: Հոգեբանն այսպես արձագանքեց.«Բրավո¯, դա ապուշություն է, ապուշություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031