Շաբաթ օրը տեղի է ունցել Հայաստանի կոմունիստական կուսակցության պլենումը, որի ընթացքում կոմկուսի ղեկավար մարմինները վերլուծել են անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Կոմունիստները դատապարտում են խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ իշխանությունների կեցվածքը՝ ընտրակաշառքների բաժանումը, օքսիդացող թանաքի առկայությունը եւ այլն: «Մենք չենք ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- պլենումի որոշումից մեջբերեց ընկեր Թովմասյանը:
Թեւեւ կոմկուսն առաջիկ տեղական ինքնակառավարման ընտրություններում առաջադրել է եւ դեռ կառաջադրի, ընդհանուր առմամբ, 6 թեկնածու՝ եւ համայնքապետի, եւ ավագանու, ընկեր Թովմասյանն, այնուհանդերձ, թերահավատ է նաեւ այդ ընտրությունների նկատմամբ: «Քաղաքապետերի, մարզպետների շուրջ 70 տոկոսը ՀՀԿ-ականեր են, հետեւաբար ՏԻՄ ընտրությունները անցնելու են խորհրդարանական ընտրությունների պես: «Դաբրոն» տրված է, ներքին պայմանավորվածություններ կան, թվերն իջեցված են, համայնքապետերի պաշտոններն էլ ինչ-ինչ կուսակցությունների՝ կոալիցիոն կամ կոալիցիային հարող ուժերի մեջ, արդեն բաժանված են: Այնպես որ, անակնկալների մի սպասեք, արտառոց որեւէ բանի մի սպասեք: Ոչինչ չի լինի, որը ձեզ կզարմացնի»,- ասաց բանախոսը:
Կոմկուսն ավելի ակտիվ չի մասնակցի տեղական ինքնակառավարման ընտրություններին՝ սուղ ֆինանսական ռեսաուրսների պատճառով: Ինչ վերաբերվում է մյուս ընդդիմադիրների պասիվությանը ՏԻՄ ընտրություններում, ՀԿԿ առաջին քարտուղարը նկատեց. «Ընդդիմությունը միայն խոսքի պայքար է մղում: Ժամանակակից իրենց ընդդիմություն համարողները գաղափարական ոչինչ չեն բերում: Բերում են միայն իշխանափոխության հարցը: Գալու են նույն գաղափարախոսությամբ, իսկ նրանց մի մասն արդեն եղել է երկրի կառավարման ղեկի մոտ, հիմնադրել այսօրվա գաղափարախոսությունը, երկիրը տարել թալանի: Իսկ իշխանությունը դնում է բոլոր պետական ռեսուրսները: Գյուղական շրջաններում աշխատելու է նաեւ քավոր-սանիկ, գյուղի հեղինակություն, բարեկամություն կապերը եւ այլն»:
Aravot.am-ի հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի, եթե Կոմկուսն այն գումարները, որոնք անարդյունավետ ծախսեց խորհրդարանական ընտրություններում, կենտրոնացներ ՏԻՄ ընտրությունների վրա եւ ինչ-որ արդյունքներ գրանցեր, Ռուբեն Թովմասյանը հակադարձեց. «Ճիշտ եք ասում, համակարգը ներքեւից պետք է փոխվի, բայց մենք համոզված էինք, որ ԱԺ-ն է ճնշելու ներքեւներին: Դուք ասում եք ժողովրդավարական երկրների նման: Հիմա, եթե նախագահը փոխվեց, ԱԺ-ն մնալու է նո՞ւյնը: Վճռական խոսքը ԱԺ-ինն է, դրա համար ճիշտը այնտեղ կռիվ տալն էր, ոչ թե ՏԻՄ-ում, որը նստելու է՝ վերեւից ասելու են էս արա, էն արա»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ