Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի ձեւակերպմամբ՝ այն, որ կառավարությունը կանանց ամուսնության տարիքը հավասարեցրել է տղամարդկանց ամուսնության տարիքին, անհանգստության պատճառ չի կարող դառնալ:
«Տեղի է ունեցել ընդամենը տարիքի հավասարեցում: Հիմնական նպատակը այն էր, որ շրջանավարտը խնդիր չունենա ամուսնության հետ կապված, եւ մեկ էլ՝ գենդերային հավասարությունը ապահովելու համար է արվել: Բայց ի զարմանս ինձ, այս հարցը դարձել է լուրջ քննարկման առարկա»,- նշեց Շահրամանյանը շարունակելով, որ խնդիրը ոչ այնքան տարիքի մեջ է, այլ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական հասունաթյան: «Նախ եւ առաջ պետք է հիմք նախապատրաստել, որ երիտասարդները լիովին պատրաստ լինեն այդ շեմը հատելու, քանի որ մասնագիտական փորձը վկայում է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ՝ կապված միմյանց ադապտացվելուն, ընդհանուր հոգեբանական լեզու գտնելուն, սեռապես իրար համապատասխան լինելուն»,-հավելեց Շահրամանյանը:
Իսկ կոնկրետ տարիքի վերաբերյալ նշեց, որ բժշկաիրավաբանական տեսանկյունից 17 տարեկանը չի համարվում սեռահասուն, բայց խրախուսելի է, որ ամուսնությունը լինի 18 տարեկանից հետո. «Կարեւորը՝ հաշվի առնել անձի մոտ սեռական զարգացումը ճիշտ ժամանակին է տեղի ունեցել, վաղաժամ, թե ուշացած, որովհետեւ եթե ուշացած լինի, ահա այս դեպքում, ոչ 18-ը, ոչ 20-ը, ոչ էլ 25 տարեկանը էական չէ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ