Կառավարության կողմից ամուսնության տարիքի փոփոխության հետ կապված բարձրացրած աղմուկի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագիր, փորձագետ Ռուբեն Եգանյանը ասաց.
«Ինձ համար մի քիչ անընկալելի է, մի քիչ էլ զավեշտական ամբողջ աժեոտաժը, որ առաջացրել է այս երեւույթը: Սովորաբար երեւույթներին, փոփոխություններին նայում եմ այն առումով, թե ինչ կերպ դա կանդրադառնա մեր բնակչության վերարտադրական գործընթացների վրա, որոնք այսօր, մեղմ ասած, գտնվում են ճգնաժամային իրավիճակում»:
Եգանյանի կարծիքով՝ տղամարդկանց եւ կանաց ամուսնության տարիքի հավասարեցումը անգամ աննշան փոփոխության չի բերի: Ըստ նրա, միեւնույն է ծնունդների քանակն այսօր փոքր տարիքի կանանց մոտ չնչին տոկոս է կազմում եւ կառավարության կողմից առաջարկվող տարիքի փոփոխությունը որեւէ կերպ չի ազդի:
Եգանյանը զարմանում է՝ «Անգամ եզդիների անհանգստությունը չեմ հասկանում: Եթե նրանց մոտ 14-15 տարեկան աղջիկն ամուսնանում է համապատասխան տարիքի երիտասարդի հետ ոչ մեկը չի խոչնդոտում, հիմա էլ, ոչինչ չի փոխվի: Խնդիրը ո՞րն է»:
Կարդացեք նաև
Եգանյանի փախանցմամբ՝ այսօր կանանց ամուսնության միջին տարիքը գտնվում է 24 տարեկանի միջակայքում, տղամարդկանց պարագայում՝ մոտ 4-5 տարով բարձր է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ