Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը խախտումո՞վ է տարածքն օտարել

Օգոստոս 14,2012 14:51

Չնայած Երեւանի քաղաքապետարանը մշտապես հայտարարում է, թե քաղաքի կանաչ տարածքները միլիմետր առ միլիմետր, ծառ առ ծառ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, բայց նաեւ իր «ուշադրության» տակ գտնվող կանաչ տարածքները վաճառում է՝ օբյեկտներ կառուցելու համար:

Արդեն 3 տարի է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 19 հասցեի բնակիչները պայքարում են, որպեսզի իրենց շենքի տարածքում միակ կանաչ հատածը վերադարձվի բնակիչներին, նույնիսկ հայցով դիմել են դատարան, պահանջով՝ անվավեր ճանաչել քաղաքապետարանի՝ նշված տարածքի օտարումը, քանի որ վաճառքի որոշումը օրենքի խախտումներով է եղել, սակայն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ տարածքի սեփականատիրոջ:

Բնակիչների ներկայացմամբ՝ «Ըստ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը՝ հրապարակներ, այգիներ, պուրակներ, փողոցներ, ճանապարհներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ, ենթակա չեն վաճառքի: Ըստ այդմ, այդ կանաչապատ տարածքը բնակիչների կողմից ընդհանուր օգտագործվող տարածք է եւ այն գազոնապատ պուրակ է»: Իսկ քաղաքապետարանն իր կողմից կատարված  մասնագիտական եզրակացության մեջ նշել է, որ տվյալ հողամասը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում ընդգրկված չէ եւ ենթակա է օտարման:

Բացի այդ, տարածքը օտարվել է ուղիղ վաճառքով, աճուրդ չի հայտարարվել, որը կրկին օրենքի խախտում է: Իսկ եթե աճուրդ հայտարարվեր, բնակիչներն այն ձեռք բերելու հայտ կներկայացնեին, քանի որ ուզում են խաղահրապարակ կառուցել եւ հանգստի գոտի ստեղծել: Դատական նիստերի ժամանակ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեցին հայցվոր բնակիչները, քաղաքապետարանի ներկայացուցիչը փաստաթղթեր է ներկայացրել, որ տարածքը ներկայիս սեփականատիրոջը վաճառել են նախապատվության սկզբունքով, իբր թե սեփականատերը երկար տարիներ այն օգտագործել է եւ նույնսիկ քարե շինություն է ունեցել այդտեղ. «Իրականում այստեղ երբեք ոչ մի քարե շինություն չի եղել: Դատարանում կադաստրի ներկայացուցիչն էլ վստահեցրել է, որ այդտեղ մետաղյա «բուդկա» է եղել, այլ ոչ թե քարե: Իսկ այդ մետաղյա «բուդկան» հին, երբեք չօգտագործվող լքված բան էր: Դատարանում իրարամերժ փաստեր էին ներկայացնում պետական ներկայացուցիչները»: Բացի այս, բնակիչները մեկ այլ ուշագրավ փաստ էլ ներկայացրեցին՝  2008 թվականին, երբ կանաչապատ տարածքը վաճառվել է, սեփականատերը՝ Դմիտրի Անդրեասյանը, ընդամենը 18 տարեկան էր, եւ դժվար թե նա կարողանար մինչ գնելը՝ մոտ 10 տարի տնօրինել, թեկուզեւ այդ մետաղյա «բուդկան», որն էլ հիմք հանդիսանար ուղիղ վաճառքի համար. «Սեփականատերը հաստատ չէր կարող 8 տարեկանից սկսած այդ տարածքը տնօրինել կամ ինչ-որ գործունեություն ծավալել: Հետեւաբար, քաղաքապետարանի՝ նախապատվության սկզբունքով արված ուղիղ վաճառքն էլ անօրինական է»:

Վիճարկվող այդ կանաչապատ տարածքով ջրագծեր են անցնում, եւ երբ տարածքի սեփականատերը դիմել է «Երեւան Ջրին»՝ խողովակաշարերը տեղափոխելու համար, «Երեւան Ջուրը» մերժել է: Իսկ սեփականատերն արդեն Երեւանի քաղաքապետարանից  շինթույլտվություն է ստացել 2-հարկանի կառույցի շինարարության համար: «Այսինքն, ոնց որ մեզ ասել են՝ հագուստի խանութ է լինելու, ու փաստորեն, էդ շինությունը կառուցվելու է մեր կանաչ գոտու հաշվին եւ տարածքը սպասարկող ջրագծերի վրա»,-մեզ հետ զրույցում նման մտահոգություն հայտնեցին բնակիչները:

Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետարանը վաճառել է տարածքը մոտ 3 տարի առաջ, բայց ընդամենը վերջերս այդ փոքրիկ այգում նստարաններ եւ  մանկական 1-2 կարուսել է տեղադրել: Այսինքն՝ քաղաքապետարանը մանկական խաղահրապարակ է ստեղծել քաղաքացու սեփական տարածքի վրա, մինչդեռ պետական այս կառույցն իրավունք ունի միայն համայանքային տարածքների վրա խաղահրապարակներ կամ պուրակներ ստեղծելու: Բնակիչները կարծում են, որ քաղաքապետրանն իր այդ քայլով փորձում է բնակիչների գլխի տակ փափուկ բարձ տեղադրել.«Դե մենք ի սկզբանե բողոքում ենք ու պահանջում,  որ այստեղ խաղահրապարակ լինի, նստարանները տեղադրեց, որպեսզի «հանգստանանք»  ու աղմուկ չբարձրացնենք, աչքներս փակում է էլի: Բայց դե մի օր էլ կզարթնենք ու կտեսնենք՝ նստարաններն ու կարուսելները չկան, փոխարենը՝ կատլավան է փորած»:

Բնակիչներն այս 3 տարիների ընթացքում մոտ 15 դիմում են ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ ՀՀ նախագահին, վարչապետին, մարդու իրավուքների  պաշտպանին, բնապահպանության նախարարություն, Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետրանից նույնիսկ գրավոր խոստացել էին, որ բնակիչների դիմումը հաշվի կառնեն շինթույլտվություն տրամադրելուց առաջ, սակայն, ինչպես դեպքերն են ցույց տալիս, ոչ էլ հաշվի են առել, քանի որ խոստումից ընդամենը 1-2 ամիս հետո հատակագիծն ընդունվել է եւ բնակիչների համար՝ հանգստի գոտի, քաղաքապետարանն էլ էդ շինթույլտվություն տրվել:

Բնակիչներին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարն էլ, քաղաքապետարանն էլ վստահեցրել են, որ սեփականատիրոջը մեկ այլ հատվածում հողատարածք կտրամադրեն, իսկ այգին կմնա բանկիչներին, սակայն մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին՝ «Մենք պետական պաշտոնյաների խոստումներին չենք հավատում եւ դիմելու ենք Վերաքննիչ դատարան, եթե հարկ լինի՝ Եվրադատարան: Մենք ուրիշ կանաչ տարածք չունենք, շենքի մյուս կողմում ավտոտնակներ են, ու միայն այդ կանաչ տարածքում կարող ենք զբոսնել, երեխաներն էլ՝ խաղալ»: Օտարված տարածքը գտնվում է մարդաշատ վայրում, մոտակայքում էլ՝ Մալաթիա տոնվաճառն է, այսինքն այն շատ հարմար վայր է խանութ կառուցելու համար, ուստի բնակիչները մտահոգություն ունեն, որ սեփականատերը դժվար թե համաձայնի այն մեկ այլ տարածքով փոխարինել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031