Լրահոս
Օրվա լրահոսը

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը Ախալցխայի բերդի վերաբացման միջացառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ

Օգոստոս 14,2012 14:26

Սույն  թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև  Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում:

Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության և Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգևոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:

Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին`հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից և իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել