Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտված երկխոսություն

Օգոստոս 14,2012 13:51

Ուղիղ մեկ տարի առաջ ավարտվեց, իսկ ավելի ճիշտ` ընդհատվեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Երեույթն ինքնին նոր էր եւ չնայած ոչ մի արդյունքի չհանգեցրեց, որպես փորձ, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կունենա մեր քաղաքական մշակույթի հետագա զարգացման վրա: Ուսանելի կլինի, իհարկե, նաեւ հասկանալ, թե ինչու է այդ առաջին փորձն անհաջողության մատնվել:

Երկխոսությունն ընդհատելու առիթը հայտնի է` ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ նրա ընկերների հետ տեղի ունեցած միջադեպը, որին կողմերը տրամագծորեն հակառակ մեկնաբանություն են տալիս: Եթե խոսենք զուտ այդ առիթի մասին, ապա իշխանության մեղքն այստեղ շատ ավելի մեծ է, քան Կոնգրեսինը: Թեեւ ես չեմ հավատում, որ ՀԱԿ-ի երիտասարդներն իրենց զուսպ են պահել ոստիկանների հետ, առավել եւս չեմ հավատում պաշտոնական վարկածին, որն արտացոլված է առաջին ատյանի դատարանի վճռում: Պետք էր տուգանել այդ երիտասարդներին` մանր խուլիգանության համար եւ ամեն ինչ ավարտել: Թե չէ դարձրին դարի դատավարությունը եւ տվեցին անհեթեթ պատժաչափեր, որոնք ինձ, օրինակ, աներկբայորեն համոզում են, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում:

Բայց փորձենք պատասխանել հետեւյալ հարցին` եթե չլիներ Տիգրան Առաքելյանի գործը, երկխոսությունը չէ՞ր ընդհատվի եւ հաջողությա՞մբ կավարտվեր: Ինձ թվում է` այս հարցի պատասխանը բոլորին է հայտնի: ՀԱԿ-ի համար հաջողություն կլինեին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխանության համար` եթե ոչ մի բան չփոխվեր: Եղավ վերջինը, բայց ցանկացած բանակցություն արդյունավետ կարելի է համարել, եթե կողմերն իրար ինչ-որ բան են զիջում: Սակայն դրա համար բանակցողները պետք է գոնե մի փոքր հակվածություն ունենան որեւէ բան զիջելու: Այդ տեսանկյունից հիշենք ՀԱԿ-ի եւ կոալիցիայի «բանակցային դիրքերը»:  Կոնգրեսը հակված էր քննարկելու նախագահի հրաժարականի եւ խորհրդարանի լուծարման ծրագիրը` քաջ գիտակցելով, որ այն անիրագործելի է: Ընդ որում, այդ ծրագիրը հիմնավորող 86 էջանոց փաստաթղթում, մասնավորապես, գրված էր, որ խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետեւ պատգամավորները, խախտելով օրենքը, զբաղվում են բիզնեսով: Եթե հիմա նման փաստաթուղթ ստեղծվեր, ՀԱԿ-ը, հավանաբար, կգրեր` «պատգամավորները զբաղվում են ապօրինի բիզնեսով (բացի ԲՀԿ-ից)»: Կոալիցիան առաջարկում էր քննարկել արդար ընտրություններ անցկացնելու խաղի կանոնները` շատ լավ իմանալով, որ այդ կանոններին չի հետեւելու: Անկեղծության այսպիսի մակարդակով  հաջողություն ակնկալել երկխոսությունից` անիմաստ է: Հաջորդ անգամ, երբ նման նախաձեռնություն լինի, կողմերը, հավանաբար, պետք է մտածեն ավելի իրատեսական օրակարգի մասին:

Այնպես որ` եթե նույնիսկ Տիգրան Առաքելյանի դեպքը չլիներ, երկխոսությունը, միեւնույն է, կտապալվեր:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031