Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ.«Այդ հայտարարության ետեւում կոնկրետ ականջներ եմ տեսնում»

Օգոստոս 14,2012 13:23

«Համոզված եմ, որ  այդ հայտարարության  իրական հեղինակը Տիգրան Առաքելյանը չի: Եթե ուշադիր կարդաք՝ ինքներդ էլ կհասկանաք, թե ովքե՞ր են գրում, ովքե՞ր են քաղաքականացնում եւ շահարկում՝ օգտագործելով այդ ջահելներին, նրանց հաշվին փորձելով մնալ քաղաքական հարթակում: Ա՜յ, իրենց  պետք է հարց տաք՝ ինչո՞ւ են քաղաքականացնում, ինչո՞ւ են աղավաղում այդ երիտասարդների ապագան»,-«Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների գործին, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:

«Իրավաբան չեմ եւ չեմ կարող պնդել այս կամ այն գործի իրավական հիմքերի  թույլ  կամ ուժեղ լինելու մասին: Կարծում եմ, եւ այս դեպքում, եւ հետագայի համար նույնպես, այդ հարցը պետք է թողնենք մասնագետներին: Սաստիկ սխալվում են ոմանք, եթե մտածում են, թե իշխանություններն այլ խնդիրներ եւ անելիքներ չունեին, եւ նրանց հիմնական անելիքն այդ երիտաարդներին, ինչպես դուք եք ձեւակերպում, խիստ պատժի ենթարկելն էր: Կարծում եմ նման ձեւակերպումները հիմնազուրկ են, իսկ անհարկի աղմուկի հեղինակներին  առավել  արդյունավետ կլինի  այլ տեղերում փնտրել»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները, անհարկի աղմուկ բարձրացնելով, փորձեցին նման խիստ ձեւով պատժել ՀԱԿ-ի երիտասարդներին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը դատապարտվել են տարբեր պատժաչափերի՝  անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու համար: Տիկին Եսայանը հիշեցնում է, որ ե՜ւ ժամանակին, ե՜ւ այսօր  ինքը ցավ է հայտնում, որ այդ երիտասարդները նման խիստ պատժամիջոցներ  են ստացել: Նա հույս է հայտնում, որ վճռի բողոքարկման ժամանակ կվերանայվի պատիժը եւ կմեղմանա՝ հաշվի առնելով այդ տղաների երիտասարդ տարիքը:
Երեկ կալանավայրից տարածած հայտարարության մեջ Տիգրան Առաքելյանը, մասնավորաբար, գրում է.«ՀԱԿ-ի երիտասարդներս աննախադեպ բռնություններով բերման ենթարկվեցինք ոստիկանական բաժանմունք: Այնտեղ զրկվեցինք փաստաբան ունենալու իրավունքից: Ժամեր անց փաստաբանները մի կերպ կարողացան ներս գալ: Տեղի ունեցավ ամենասարսափելին՝ փաստաբանները նույնպես ենթարկվեցին բռնությունների: Այո՛: Պետք է միջադեպին տրվեր քրեաիրավական գնահատական: Անկասկած պիտի հարուցվեր քրեական գործ: ՀԱԿ երիտասարդներս և մեր փաստաբանները քրգործով պետք է անցնեինք՝ որպես տուժողներ: Բայց, ինչպես միշտ, գործի դրվեցին հին և խորթ մեթոդները: Քրեական օրենսգրքից շատ արագ վերցվեցին 316 և 258 հոդվածները, իսկ մնացածն արդեն երևակայության և նախկինում ձեռք բերված կեղտոտ փորձի հարց էր. ոստիկանները հերթով, կարգով, շարքով, մեկ մարդու նման սկսեցին մեղադրական ցուցմունքներ տալ մեր դեմ: Օգոստոս ամսվա շոգ օր էր: Ոստիկանի քթից արյուն էր եկել: Արնահոսությունը դարձավ ուղեղի ցնցում: Դե քիթ էր. քիթն էր արնահոսել: Ինչպե՞ս կարող էր, համաձայն համապատասխան դատաբժկական փաստաթղթերի՝ քթի բազմաբեկոր կոտրվածք չդառնալ: Բայց պարզ է, չէ՞, որ եթե ոստիկանը քթի բազմաբեկոր կոտրվածք ունենար, դա արտաքինից էլ կերևար: Դատաբժիշկն այդ հարցն էլ էր լուծել՝ «քթի բազմաբեկոր կոտրվածք առանց տեղաշարժի»: Կարճ ասած՝ թղթեր էին սևացնում, որպեսզի մեզ առաջադրված մեղադրանքը հնարավորինս հիմնավորված լինի»: Վերլուծելով գործի այլ մանրամասներ էլ հայտարարության հեղինակը գրում է. «Մարտի 1-ին թափված արյան համար դեռ պատասխան չտված քո մարդասպանները սպանեցին Վահե Ավետյանին: Ոչինչ էլ չի բացահայտվի, քանի դեռ դու ես ՀՀ նախագահը, Սերժ Սարգսյան: Կարող ես ցմահ բանտարկել. մենք դրանից չենք կաշկանդվում: Ոչ թմրամոլ ենք, ոչ գող, ոչ խուլիգան. ընդամենը առանց զենքի պայքարում ենք զինված մարդասպանների դեմ: Սիրուն չի, Սերժիկ»:
Տիգրան Առաքելյանի հայտարարության մասին  Մարգարիտ Եսայանն ասաց. «Այո, կարդացել եմ եւ  ցավով  պետք է  նշեմ, որ այդ հայտարարության ետեւից որոշակի ականջներ են երեւում, կոնկրետ մարդու ականջներ, եւ երբ կարդում էի հայտարարության տեքստը՝ այդ մարդու  ձայնը, կարծես, հնչում էր ականջներումս, մի՞թե դուք եւս չեք նկատել ծանոթ ոճն ու բառապաշարը, հռետորաբանությունը»: Մարդու իրավունքների տեսանկյունից, մեր զրուցակիցը հակված է հավատալ անմեղության կանխավարկածին՝ ընդհանրապես. «Իրավական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական հարթությունից  ներս, որպես մայր ափսոսում եմ այդ երիտասարդներին եւ որպես քաղաքացի շատ կցանկանայի, որ վճիռը վերանայվեր: Այդ  երիտասարդները  դեռ կյանք ունեն ապրելու: Չէի ցանկանա, որ իրենք ներքաշվեն ինչ-ինչ մարդկանց անձնական, ճղճիմ շահերի ոլորտը: Չէի ցանկանա, որ ինչ-ինչ մարդիկ այդ տղաներին օգտագործեն իրենց անձնական շահերի համար, ինչը, ցավոք, տեղի է ունենում այս դեպքում, ասածիս ապացույցը  նաեւ այս հայտարարությունն է, որի ետեւում, կրկնում  եմ, ես կոնկրետ ականջներ եմ տեսնում: Այդ ականջները պետք է շատ զգույշ լինեն, եւ իրենց իրավունք չվերապահեն՝  խաղալ երիտասարդ մարդկանց ճակատագրերի հետ»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Երեկ հայտարարություն են տարածել նաեւ ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը և Սահակ Մուրադյանը, որոնց նկատմամբ հարուցված քրեական գործն օրերս կարճվել էր՝ հանցակազմի բացակայության պատճառով: «Կարճման այս որոշումը բավարար է ապացուցելու համար, որ կայացված դատավճիռը ձևակերպվել է Բաղրամյան 26-ում և սովորական քաղաքական հետապնդում է, որը առնչություն չունի  արդարադատության, օրինականության և ընդհանրապես տրամաբանության հետ: Ի սկզբանե մեր ձերբակալման և մեր ընկերների կալանավորման ու ազատազրկման հիմքերը եղել են երկուսը՝ ոստիկանության տեսանկարահանման խիստ մոնտաժված տարբերակը, որում բոլորս էլ ներկայացվում ենք իբրև հանցագործներ, և կարմիր բերետավորների ցուցմունքները, որոնք 7-իս վերաբերյալ բովանդակային տեսանկյունից նույնն են, և որևէ կերպ մեզ երեքիս չեն առանձնացնում, մասամբ մեզ մեղսագրված արարքները նաև ավելի ծավալուն են»,- ասված է հայտարարության մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031