Հունիսի 1-ից ուժի մեջ մտած, ՀՀ վարչական իրավախախտումների մասին նոր օրենքով ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 6 ամսից ավել կբացակայեն Հայաստանի Հանրապետությունից և իրենց բացակայության մասին չեն տեղեկացնի իրենց բնակության վայրում գտնվող ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան, կտուգանվեն 3000 դրամ:
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրենքի մեջ տարօրինակ ոչինչ չկա։
«Մարդուն միայն բացակայելու համար, ոչ ոք չի տուգանելու, տուգանք են նշանակելու այն մարդկանց, ովքեր կխախտեն օրենքը և չեն տեղեկացնի իրենց բացակայելու մասին հյուպատոսարան կամ դիվանագիտական այլ մարմին»,– բացատրեց նա:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այդ օրենքը մշակվել է 2011 թվականին, որպեսզի երկրում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ հստակեցվեն ընտրացուցակները, այսինքն՝ ովքեր են գրավոր տեղեկացրել, որ իրենք ժամանակավոր գտնվում են Հայաստանից դուրս, և, ըստ այդմ, ովքեր են կոնկրետ ժամանակահատվածում լինելու Հայաստանում:
Կարդացեք նաև
«Քաղաքացին, ով բացակայում է հանրապետությունից, պետք է 6 ամիս անց բանավոր կամ գրավոր հաղորդի դիվանագիտական մարմնին, որ ինքը այդ քաղաքում է բնակվում, որպեսզի հստակեցվեն Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում նրա գրանցումը, որով հստակեցնում ենք ՀՀ բնակչության թիվը: Այս օրենքն ընդունվել է 2011 թվականի նոյեմբերին,որը նպատակ ունի ընտրությունների ժամանակ հստակ բնակչության թիվը ներկայացնել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նոր օրենքը, որով 3000 դրամ տուգանում են 6 ամսից ավել բացակայող այն մարդկանց, ովքեր իրենց գտնվելու վայրի մասին չեն իրազեկում, մարդու իրավունքների ոչ մի խախտում չկա: