ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչները Ռուբեն Հայրապետյանին պատշաճ կերպով չեն հարցաքննել։ Սպանված ռազմաբժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններից Տիգրան Եգորյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ քրեական գործի նյութերին ծանոթանալիս բազմաթիվ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք խիստ կասկածի տակ են դնում ողջ նախաքննության ընթացքը։ Օրինակ՝ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքում, որը նա տվել էր հուլիսի 6-ին ՔԳՎ ՀԿԴՎ-ում, նշել է, թե դեպքի ժամանակ եղել է Սեւանում, ապա Ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ դեպքի հանգամանքները պարզելու համար հեռախոսազանգ է կատարել: Ցուցմունքի մեկ այլ հատվածում նշում է, թե տեղյակ չէ դեպքի հանգամանքների մասին։ «Ու քննիչը այդ հանգամանքը բացարձակ անուշադրության, անտարբերության է մատնում, այդ կապակցությամբ ոչ մի լրացուցիչ հարց չի ուղղում նրան, թե զանգի միջոցով ի՞նչ եք ճշտել, որտեղի՞ց էիք իմացել դեպքի մասին, արդյունքում ի՞նչ ճշտեցիք եւ այլն»։
Տիգրան Եգորյանի խոսքով, լուրջ կասկածանքներ կան նաեւ, որ քրեական գործում առկա աշխատանքային պայմանագրերը, համաձայն որոնց՝ կալանավորված վեց անձանցից հինգը «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներ են, կեղծ են եւ կնքվել են հետին թվով։
«Հայկական ժամանակ»