Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սասուն Պասկեւիչյան. «Կուզեի, որ մշակույթի ասպարեզի ավելի շատ ներկայացուցիչներ ընդգրկված լինեին խորհրդարանում»

Օգոստոս 14,2012 11:13

Հատված երգահան Սասուն Պասկեւիչյանի հետ հարցազրույցից

Կոմերցիոն նպատակով Ձեզ էրբեւէ երգ չե՞ն պատվիրել, լինի դա քաղաքական դաշտից կամ հենց շոուբիզնեսից։

– Ես իմ սկզբունքներն ունեմ, ինչպես իրեն հարգող ցանկացած ստեղծագործող։ Երգահանի համար իր ստեղծած, հորինած երգը նման է իր երեխային։ Պատվերներ շատ են եղել, սակայն ես իմ սկզբունքներին հավատարիմ եմ մնում։ Մի անգամ մի կուսակցությունից ինձ երգ էին պատվիրել ու խնդրել, որ տեքստում նշվի այդ կուսակցության անունը։ Բնականաբար, ես հրաժարվեցի։ Մի շատ հանրահայտ երգիչ էլ առւսջարկեց, ի դեպ, շատ մեծ գումար էր վճարում, որպեսզի նրա համար

երգ հորինեմ, բայց իր անունով, այսինքն՝ ինքն է երգի հեղինակը։ Նրան ասացի, որ իմ երգն իմ երեխան է, իսկ երեխային չեն վաճառում… Մի ուրիշ երգիչ առաջարկեց պատրաստի երաժշտության վրա տեքստ գրել։ Գրեցի, սակայն նա ասաց, որ բարդ բառեր են։ Ես հրաժարվեցի տեքստը փոխել, բացատրեցի իմաստը, եւ նա, բարեբախտաբար, հասկացավ, իսկ ձայնագրվելուց հետո ձայնապնակն անվանեց այդ երգի վերնագրով։ Շատ են եղել դեպքեր, երբ պատվիրել են վեց-ութ ժանրում թեթեւսոլիկ, անիմաստ երգեր, որոնցով լի է մեր եթերը, բայց մերժել եմ, հիմնականում իմ երգերը ես նվիրում եմ, եթե երգիչն իրոք երգիչ է:

Գանք նաեւ քաղաքական դաշտ, ո՞նց եք նայում այն փաստին, երբ նախընտրական շրջանում երգիչները կուսակցականացվում են ու դառնում այս կամ այն քաղաքական դեմքի խոսափողը։

– Փորձեմ բառախաղով ու հումորով պատասխանել։ Կարծում եմ՝ այդ երգիչները ոչ թե դառնում են քաղաքական դեմքի խոսափողը, այլ փողն առնում են ու իրենց «երգն են երգում»։ Չեմ մեղադրում երգիչներին, նրանք էլ այդպես են գումար վաստակում։ Շատ երգիչներ միաժամանակ հանդես

են գալիս տարբեր կուսակցությունների միջոցառումների ընթացքում։ Իսկ եթե լինում են երգիչներ, որոնք իրոք խոսափող են դառնում, ապա, կարծում եմ, դա նրանց պատիվ չի բերում։ Այլ բան է, երբ երգիչն ինքը կուսակցական է, բնականաբար, պետք է հանդես գա իր կուսակցության օգտին։

Իսկ ճի՞շտ եք համարում, որ Շուշան Պետրոսյանը խորհրդարան գնաց, չէ՞ որ երգիչը, ինչպես եւ ամեն մի մասնագետ, իր գործով պետք է գբաղվի։

– Շուշան Պետրոսյանն օժտված, բարձրակարգ երգչուհի է, նաեւ՝ զարգացած մտավորական։ Ես կուզեի, որ մշակույթի ասպարեզի ավելի շատ ներկայացուցիչներ, մասնագետ մտավորական-արվեստագետներ ընդգրկված լինեին խորհրդարանում։ Տարիներ առաջ՝ 1978-ին, երբ բանաստեղծ Գարիկ Բանդուրյանի հետ զրուցում էինք Պարույր Սեւակի կյանքի ու գործունեության մասին, Բանդուրյանն ասաց. «Սեւակը մտավ պալատ, բայց պալատական չդարձավ»։ Մենք պարկեշտ մտավորականներ, արվեստագետներ շատ ունենք, որոնցից շատերը կարող են «եղանակ ստեղծել» խորհրդարանում։ Ցավոք, այդպիսիք հնարավորություն չունեն ընտրվելու (ամենատարբեր պատճառներով՝ սկսած ֆինանսականից): Ես այն համոզումն ունեմ, որ Շուշան Պետրոսյանը դեռ ասելիք եւ անելիք ունի, մանավանդ այդ մասին նա արտահայտվել է…, անտարակույս, ամեն մի մասնագետ իր գործով պետք է զբաղվի, իսկ մի՞թե խորհրդարանը պետք է միայն օրենսդրական, քաղաքական, տնտեսական եւ այլ նմանատիպ հարցերով զբաղվի։ Իմ համոզմամբ՝ խորհրդարանն առանձնահատուկ պետք է զբաղվի մեր մշակույթի ներկա անմխիթար վիճակով, մասնավորապես ու հատկապես ներկա հայ երգարվեստի բարձիթողի վիճակով։ Ահա այս հարցում մեծ դեր, տեղ եւ անելիքներ ունեն մեր մասնագետ մտավորականները, որոնցից խիզախներին ես անվանում եմ «մահապարտ մտավորականներ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031