Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մովսես Արիստակեսյան. «Բագրատյանը փորձել է յուրացնել տասնյակ հանձնաժողովականների կատարած աշխատանքը»

Օգոստոս 14,2012 10:56

Հայ ազգային կոնգրես դաշինքում նոր խժդժություններ են ի հայտ եկել։ Այս անգամ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շուրջ։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է 50 կետից բաղկացած օրենսդրական նախագիծ, որոնք պատրաստվում է ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանում՝ որպես օրենսդրական նախաձեռնություններ։ Բագրատյանի ներկայացրած նախագծում, օրինակ,

կետ կա ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 72 հազար 500 դրամ դարձնելու կամ, օրինակ, ԽՍՀՄ խնայբանկի ավանդների չփոխհատուցված մնացորդը պետական պարտք ձեւակերպելու եւ պարտատոմսեր բաժանելու մասին։ «Փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ պարզեցված հարկի կիրարկման եւ այդ հարկի ու հարկային համակարգի փոխկապակցվածության մասին», բանակի, ազատ, չբնակեցված բնակարանների հարկման ու այլեւայլ հարցերի մասին։ «Բոլոր վերը թվարկված օրենքների նախագծերը հեղինակային են՝ իմ կողմից մշակված ծրագրերից։ Բացառությամբ 7-րդի (ազատ բնակարանները հարկելու մասով), որն ինձ հուշել է նախագահ Տեր-Պետրոսյանը»,- ներկայացրել է Հրանտ Բագրատյանը, ինչն էլ դարձել է վեճի առարկա։ Թեեւ այդ ծրագրային կետերի անգամ կեսի կյանքի կոչումն իսկապես միայն դրական ազդեցություն կունենա մեզանից շատերի կյանքում, սակայն մեկ այլ ՀԱԿ-ական մի փոքր նեղսրտել է, որ ապագա բարի գործերի մենաշնորհն իր ձեռքն է վերցրել Հրանտ Բագրատյանը, եւ նրանից պահանջում է չսեփականաշնորհել նախագիծը, քանի որ դրա վրա աշխատել են մի շարք ՀԱԿ-ականներ, այդ թվում՝ ինքը։ Խոսքը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի մասին է, ով երկու շաբաթ առաջ փակ նամակ է ուղարկել Հրանտ Բագրատյանին եւ ՀԱԿ քաղխորհրդին՝ պահանջելով շտկել թյուրիմացությունը եւ վերոնշյալ նախագիծը ներկայացնել ոչ թե Բագրատյանի, այլ ՀԱԿ-ի անունից։

Արիստակեսյանը մեզ հետ զրույցում թեպետ սկզբում զարմացավ, թե ով է ՀԱԿ-ի ներքին խոհանոցը բացել մեր առջեւ, ապա ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել, քանի որ դա իրենց խնդիրն է, որը կլուծվի, սակայն չկարողացավ դիմանալ գայթակղությանը եւ չխոսել. «Բագրատյանը փորձել է յուրացնել տասնյակ հանձնաժողովականների կատարած աշխատանքը, դա իր մոտ նորություն չէ, նա այդպես սեփականաշնորհեց գիտության ծրագրերը, առողջապահության եւ այլ, դա սովորույթ է, որովհետեւ Բագրատյանը մեծամտության մանիայով է տառապում,- ասաց Արիստակեսյանը՝ շարունակելով։- Իրականում այդ ծրագրերը ՀԱԿ-ինն են, ոչ թե Հրանտ Բագրատյանինը, այն համապատասխանում է ՀԱԿ նախընտրական ծրագրին եւ ՀԱԿ կողմից մշակված ծրագրերին, որոնց վրա աշխատել են ՀԱԿ հանձնախմբերը։ Դրանք Բագրատյանի հեղինակային ծրագրերը չեն»։ Ներկայացված 50 կետից քանի՞սն եք ինքներդ հեղինակել,- հարցրինք Արիստակեսյանին։ «Կրկնում եմ՝ աշխատանքը կոլեկտիվ է, բայց կոնկրետ ես աշխատել եմ առողջապահության ծրագրի վրա, որտեղ մասնակից չի եղել Հրանտ Բագրատյանը, ղեկավարել է Արարատ Մկրտչյանը։ Արդյունաբերության կետերը մեծամասամբ իմ ծրագրերից են, տպված հոդվածներ կան դեռ 1993 թվականից, որոնք նա պարզապես վերցրել եւ տեղադրել է։ Այնտեղ կա Բաբկեն Գարոյանի ծրագիրը։ Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ծրագիրը Արմեն Կիրակոսյանի հեղինակած մասն է։ Արդյունաբերությանը եւ էներգետիկային

վերաբերող կետերը մեծամասամբ իմ հեղինակած ծրագրերի մասն են։ Բագրատյանը դրանք բոլորը վերցրել-գումարել է եւ ներկայացնում է իր հեղինակայինը»։

ՀԱԿ-ն արձագանքե՞լ է Արիստակեսյանի նամակներին։ «Չնայած արձագանք չկա, բայց ես չեմ պատրաստվում այլ քայլերի դիմել: Ես ուզում էի պարզապես, որ ՀԱԿ-ն իմանա։ Ես այսքան բան ասացի, պարզապես, որ իմանան, որ պետք է զգուշանալ Հրանտ Բագրատյանից։ Նա շատ է հարգում եւ սիրում իրեն, բայց չի կարելի ուրիշների անվան եւ աշխատանքի շնորհիվ առաջ գնալ»,- եզրափակեց ՀԱԿ անդամը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031