Օգոստոսի 13-ին Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող շուրջ 125 սիրիահայ երեխաներ այցելեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացվող «Բազե» համահայկական հավաք։ «Բազե» հավաքում Սիրիայից ժամանած երեխաները ծանոթացան հայաստանցի երիտասարդների հետ, մասնակցեցին «Բազե» հավաքի շրջանակներում անցկացվող մի շարք մրցույթների, անցկացրին մշակութային ծրագրով հագեցած երեկո։
Դամասկոսից ժամանած 17-ամյա Արա Նոյեմյանն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է, որ երբեք աշխարհի տարբեր ծայրերից հավաքված այսքան հայ երիտասարդի միասին չի տեսել, և իրեն շատ հետաքրքիր է ծանոթանալ հայաստանցի իր հասակակիցների հետ։ Արան նշում է, որ Դամասկոսում իրավիճակն այնքան էլ լարված չէ, ինչպես ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները, սակայն Հայաստանում ավելի ապահով է։ Հայաստանյան 15-օրյա հանգիստն անցկացնելուց հետո Արան վերադառնալու է Սիրիա՝ ծնողների մոտ։
13-ամյա Հակոբ Կարապետն ամեն տարի ամառային արձակուրդներին այցելում է Հայաստան։ Նա տեղեկացրեց, որ այստեղ իրենց սովորեցնում են ազգային երգեր և պարեր, ծանոթացնում են հայոց պատմությանը։ Հակոբը հույս հայտնեց, որ երբ մեծանա, սփյուռքահայ ջոկատի կազմում կմասնակցի ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքին։
Սիրիահայ երեխաների խմբի ղեկավար Պերճ Տեր-Սարգսյանը նշում է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով երեխաները չեն կարողացել հանգստանալ ամառային արձակուրդներին և ՀՀ իշխանությունների շնորհիվ գալով Հայաստան՝ նրանք մի կողմից մոռանում են Սիրիայի դժվարությունները և վայելում խաղաղությունը, մյուս կողմից էլ ծանոթանում են իրենց հայրենիքին։ Պերճ Տեր-Սարգսյանը տեղեկացրեց, որ երեխաների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում, և ամենամեծ տպավորությունը, որ թողել է նրանց վրա, մարդկանց ջերմ վերաբերմունքն է և Արարատ սարը.«Այս երեխաները փոքր հասակից մատիտով նկարել են Արարատը, նրանց համար այն մեծ խորհուրդ ունի։ Եվ չափազանց տպավորիչ էր, երբ իրականում Երևանի համայնապատկերի վրա տեսան Մասիսները»:
Կարդացեք նաև
Ուշ երեկոյան հրաժեշտ տալով միմյանց՝ «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցները և սիրիահայ երեխաները վստահություն հայտնեցին, որ իրենց ծանոթությունը հետագայում վերաճելու է մեծ բարեկամության։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն