Ամեն օր, ջրով լի ցնցուղը ձեռքին, թանգարանի տնօրենը մոտենում է այգում շարք առ շարք իրենց գլուխները երկնքին հառած կարմիր վարդերին, ջրում, ապա կամացուկ մոտենում նրանց կողքը արեւի տակ այս էլ քանի տարի իր արմատները հողի մեջ փորած խնձորենուն` թանգարանի այցելուներին հյուրասիրելու մեծանուն գրողի ձեռքով տնկված պտուղներից:
Արդեն 6-րդ տարին է` բանաստեղծուհի Լենա Անթառանյանը հարազատ տան նման խնամում է Վանաձորում Ստեփան Զորյանի երբեմնի ամառանոցը: Բացի խնամքից` կինն իր ուսերին է վերցրել Զորյանի հիշատակն անմահացնելու գործը` ապագա սերունդներին պատմելով տան երբեմնի բնակչի մասին:
Թեեւ, ինչպես նշում է Անթառանյանը, թանգարանի դիրքը նպաստավոր չէ այցելուներին գրավելու համար, այնուամենայնիվ, տարբեր տարիքի հետաքրքրասեր ու ոգեւորված աչքերի պակաս թանգարանը չի զգում. օրական մի քանի տասնյակ անգամ աշխատակիցը մուտքից ժպիտով ընդունում ու ժպիտով էլ ճանապարհում է այցելուին: «Եթե բաց դաշտում լիներ, կանչը ուրիշ կլիներ: Ի վերջո, բոլոր թանգարաններրը կենտրոնացված են լինում կենտրոնում: Բայց հոգ չէ, դրա համար դու պիտի անպայման աշխատանք կատարես, եթե տրվել է այդ աշխատանքը քեզ, ուրեմն պիտի աշխատես, որ այցելու ունենաս»,-ասում է թանգարանի տնօրենն ու հիշում, որ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող միջոցառումներն ու համագործակցությունը քաղաքի ակտիվ մարդկանց հետ, իրենց նպաստն են ունենում թանգարանի համար. մի անգամ այցելողը հաջորդ անգամ մենակ չի գալիս:
Տուն-թանգարանի յուրաքանչյուր այցելուի աշխատակիցները յուրովի են ընդունում: «Երեխայի հետ մոտեցումն այլ է, մեծահասակի հետ` այլ: Առաջին վայրկյաններից մինչեւ այցելուի` թանգարանից դուրս գալը հատուկ վարվելաձեւ է անհրաժեշտ, պիտի կարողանաս նպաստավոր պայմաններ ստեղծել ու հետաքրքիր դարձնես այցը, հակառակ դեպքում երկրորդ անգամ ոչ ոք չի գա»,-բացատրում է տուն-թանգարանի տնօրենը` նշելով, որ ե’ւ ինքը, ե’ւ թանգարանի մյուս աշխատակիցները պարբերաբար հաճախում են դասընթացների` խորացնելով իրենց աշխատանքային գիտելիքները:
Նա նշում է, որ կապված տարիքից` տուն-թանգարան այցի եկածին հուզում ու գրավում են տարբեր դետալներ: Այցելուների մեծ մասը, օրինակ, Զորյանի ննջարան մտնելուն պես ցանկանում է ձեռք տալ, շոշափել այնտեղի իրերը, ոմանք էլ հետաքրքրվում են գրողի աշխատասենյակով: «Ննջարանում ցանկանում են շոշափել իրերը, ասենք, գլխարկը դնել գլխին, վերցնել գրիչը, կամ սկզբում զարմանում են, ապա սկսում հետաքրքրվել, թե` իրո՞ք դա այն աշխատասենյակն է, որտեղ աշխատել է Զորյանը»,-պատմում է Լենա Անթառանյանը:
Բայց ամենաշատը այցելուներին հուզում են Զորյանի ձեռքով տնկված խնձորենիները` խնձորի այգին: «Տատիկներ, պապիկներ էլ են գալիս, նստում, վայելում են բնությունը, վարդերը. միայն այն, որ մեր մեծ գրողն է այդ այգին ստեղծել, դա արդեն ոգեւորում է մարդկանց»,-ասում է տիկին Անթառանյանը:
Տուն-թանգարանի ապագան պատկերացնելիս` նրա տնօրենը հույս է հայտնում, որ տուրիստական ընկերւթյունները Լոռու մարզը շրջելիս չեն սահմանափակվի Հաղպատ- Սանահին- Դսեղ տեսարժան վայրերով, այլ այդ ճանապարհին նաեւ իրենց հանգիստը կգտնեն թանգարաններում, մասնավորապես, մեծ գրողի վանաձորյան ամառանոցում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր