Գյումրու 72 հոգուց բաղկացած ավագանու թեկնածուների խայտաբղետ ցանկում կա նաև Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ, Գյումրու ծննդատան բուժական գործի պատասխանատու Ֆելիքս Գրիգորյանի անունը, ով պատրաստվում է մրցել մի խումբ գարեջրագործների, չճանաչված, գործազուրկ ու բանակում չծառայած երիտասարդների, մի շարք դպրոցների տնօրենների ու թաղային հեղինակությունների հետ:
Մենք 47 տարվա փորձ ունեցող գինեկոլոգից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է առաջադրել իր թեկնածությունը: « Այդ հարցին ես մի զավեշտալի պատասխան ունեմ, որ հարցնում են, ասում եմ` մահախոսականի ժամանակ մի նախադասություն ավելi կասվի: Իհարկե դա զուտ հումորի տեսանկյունով, բայց ես քաղաքում ապրում եմ արդեն շատ երկար տարիներ, քաղաքի համար ինձ թվում է բավականին աշխատանք եմ կատարել և գոհ եմ, որ քաղաքը իմ ծառայությունները գնահատել է, քաղաքի երաշխավորի կոչմանն է արժանացրել, վաստակավոր բժշկի կոչման եմ արժանացել, սակայն ինձ թվում է, որ ես դեռ կարող եմ օգուտ բերել մեր քաղաքին և ոչ միայն առողջապահության, կոնկրետ ծննդօգնության մեջ աշխատելով, այլ մի քիչ ավելի առողջապահական հարցերի սոցիալական մոտեցումը լավացնելու տեսանկյունից: Մեր քաղաքը , ինչպես գիտեք, բացի սոցիալական բազմաթիվ խնդիրներից, նաև ունի էկոլոգիական մեծ խնդիրներ, և փոշին, և բուսականության պակասը, և սպորտային հանգստի վայրերի պակասը, և այս ամենը հավաքվելով դարձնում է քաղաքաբնակների համար ոչ բարենպաստ, ոչ ճիշտ ապրելակերպի պայմաններ: Իմ` ավագանու անդամ դառնալու նպատակը Գյումրին դարձնել առողջ ապրելակերպի քաղաք», -ասաց գինեկոլոգը: Մեր զրուցակիցը քննադատեց քաղաքապետին ու ավագանուն` առողջապահական հիմնարկների նկատմամբ ոչ սրտացավ վերաբերմունք ունենալու համար: Գինեկոլոգը թեև անկուսակցական է , սակայն նրան սատարելու է Հանրապետական կուսակցությունը:
Ֆելիքս Գրիգորյանի հետ ամբողջական զրույցը ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ