Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Մենք կորցրեցինք մեկ տարի»

Օգոստոս 13,2012 16:12

կադր 2011-ի օգոստոսյան հանդիպումներից. Լեւոն Զուրաբյան եւ Դավիթ Շահնազարյան

Մեկ տարի առաջ, օգոստոսի 26-ին Կառավարության ընդունելությունների տանը պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի և իշխանության պատվիրակությունների երկխոսության 7-րդ փուլը: Սակայն, ՀԱԿ պատվիրակությունը չներկայացավ այդ հանդիպմանը:

Իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկ տարվա հեռավորությունից վերլուծելով երկխոսության տապալումը նկատեց. «Եթե երկխոսությունը չտապալվեր, մենք կտնտեսեինք համատեղ աշխատանքի մեկ տարի, որի ընթացքում նաեւ կձեւավորեինք համատեղ աշխատանքի մեթոդներն ու ձեւերը: Այդ առումով, համարում եմ, որ մենք ուղղակի կորցրել ենք մեկ տարի, քանի որ ՀԱԿ-ը հիմա ներկայացված է նաեւ խորհրդարանում»:

Մեր զրուցակցի կարծիքով, երկխոսությունը փորձ էր՝ ստեղծել քաղաքական նոր հարթակ եւ իրականում որեւէ այլ թաքնված գաղափար դրա ետեւում չկար:

Պարոն Հարությունյանին խնդրեցինք փոքր-ինչ բացել փակագծերը՝ ինչո՞ւ երկխոսությունն իր տրամաբանական ավարտին չհասավ: «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի թիմն իսկապես կատարեց լուրջ սխալ եւ փորձեց քաղաքականացնել իրավիճակը: Ինձ թվում է, որ իրենք վստահ չէին այն քայլերում, որ կատարում էին եւ դրանով պայմանավորված՝ ետ կանգնեցին մեր նախնական պայմանավորվածությունից»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ իշխանությունը վստահություն չներշնչեց ՀԱԿ-ին: «Հարցն ուղղեք իրենց»,- եղավ Դավիթ Հարությունյանի պատասխանը: Aravot.am-ի հարցին՝ երկխոսության այս տխրահռչակ նախապատմությունից հետո իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ կա՞ն խորհրդարանում համագործակցելու հնարավորություններ: «Այլ տարբերակ չկա: Պետք է ձգտենք արդյունավետ աշխատանքի: եթե չհաջողվեց՝ դա, իհարկե, ցավալի կլինի: Ի վերջո, մի պահի, երկիրը գալու է նրան, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ աշխատելու են արդյունավետ: Մեկ տարի առաջ մենք բաց թողեցինք այդ շանսը: Հուսանք, որ այլեւս բաց չենք թողնի»,- ասաց մեր զրուցակիցը:

Դավիթ Հարությունյանը ըմբռնումով է մոտենում մեկ տարի առաջ տեղի ունեցածին. «Բոլորս էլ մարդ ենք, ինչ-որ ազդեցություն, իհարկե, կունենա, բայց եթե բոլորս ղեկավարվում ենք ազգային շահով՝ կարծում եմ, պետք է վեր կանգնենք այդ խնդիրներից»:

Հարցին՝ իր կարծիքով ՀԱԿ-ն ազգային շահով առաջնորդվող ո՞ւժ է, Հարությունյանը պատասխանեց. «Այդ տեսանկյունից ես լավատես եմ եւ համարում եմ, որ յուրաքանչյուր հայ, որպես կանոն, ազգային շահով առաջնորդվող անձ է, թեւեւ, որոշ դեպքերում լինում են սխալներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031