ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի խումբ ուսանողների խնդրանքով անվանի հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը համաձայնել է բացել իր տեսաբլոգը, որի առաջին թեման վերաբերում է հայ քաղկեդոնական եկեղեցիների հանդեպ վրացիների պահանջատիրությանը:
Տեսանյութում նա ասում է, որ փորձել է տեսաբլոգի ճանապարհով որոշակի տեղեկություններ փոխանցել հայ հանրությանը. արդեն 3-4 տարի է վրաց եկեղեցին հավակնություններ ունի Հայաստանի հյուսիսային շրջաններում գտնվող մի քանի վանքերի ու եկեղեցիների հանդեպ: Ըստ հուշարձանագետի, վրաց մամուլը «ծփում» է այդ տեսակ նյութերով, վրաց հանրության մի լայն շրջանակ էլ շահագրգիռ է հայ քաղկեդոնական եկեղեցիները վրացիներին վերադարձնելու պահանջով, իսկ Հայաստանում բավականաչափ իրազեկված չեն:
Սամվել Կարապետյանը նշում է, որ «վրացական» ակնկալիքները ծնվել են այն պահից, երբ Վրաստանի հայ եկեղեցու թեմը պահանջ է դրել վերադարձնել Վրաստանի տարածքում գտնվող 100-ավոր եկեղեցիներից 6-ը, որոնցից մեկը Ախալցխայում է, իսկ 5-ը՝ Թբիլիսիում. «Հյուսիսային Հայաստանի որոշ շրջաններ 18-րդ դարում՝ Հերակլ թագավորի օրոք Վրաստանի կազմի մեջ էին, եւ սա ազգերի պատմության մեջ նորմալ է: Մենք էլ հզորության շրջանում ոչ հայկական տարածքներ ենք ունեցել մեր պետության կազմի մեջ, բայց նվաճվածի նկատմամբ երբեւէ հավականություններ չենք ունեցել: Տիգրան Մեծի պետությունը միչեւ ներկայիս Լիբանանն էր ընդգրկում, պատկերացրեք թե ինչ ժպիտ կհարուցի, եթե այսօր Լիբանանը պահանջենք, ինչպես վրացիներն են դա անում՝ որպես կռվան էլ փորձում են օգտագործել Լոռվա տարածաշրջանում գտնվող հայ քաղկեդոնական եկեղեցիները»:
Խոսելով քաղկեդոնականության եւ Քրիստոսի երկբնակության ու Հայ առաքելական եկեղեցու կողմից Քրիստոսի՝ միայն աստվածային բնույթն ընդունելու մասին, հուշարձանագետը փաստում է՝ վրացիների հետ ունեցած խնդիրը ծագել է դավանաբանական պառակտման հիմքի վրա, եւ սա այն դեպքում, երբ 7-րդ դարում ի դեմս Եզր կաթողիկոսի քաղկեդոնականությունը պաշտոնապես իբրեւ հիմնական հավատքի ուղղություն է ընդունվեց Հայ եկեղեցու կողմից, այդպես են համարել նաեւ իրարահաջորդ 7 մյուս կաթողիկոսները մինչեւ Հովհան Օձնեցի: «Մեկընդմիշտ պետք է հիշել, որ հայ քաղկեդոնական եկեղեցիները հայկական մշակույթի անքակտելի մասն են, քաղկեդոնականություն ընդունած հատվածի իրավահաջորդն էլ հայ կաթողիկեներն են, որոնց կեցվածքն ինձ հասկանալի չէ: Նրանք մի կողմից հայտարարում են, որ քաղկեդոնականության ժառանգորդն են, մյուս կողմից ձայն չեն բարձրացնում վրաց պահանջատիրության դեմ»,-զարմանում է հուշարձանագետը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, այն էլ , նրա ձեւակերպմամբ, դարեր շարունակ մերժել-անտեսել է հայ քաղկեդոնականներին, անգամ հայ չի համարել ու 1000 տարի հայ քաղկեդոնական վանքերի հետ գործ չի ունեցել: «Վրացիների պահանջատիրությունը շատ վտանգավոր է, իսկ Մայր աթոռի մամլո պատասխանատուն հայտարարում է, թե Հայաստանում վրացիները քիչ են՝ 600 հոգի, դրա համար հիմնավոր չէ պահանջատիրությունը: Այսինքն, եթե 6000 լինեին վրացիները կամ ավելի շատ, հայ քաղկեդոնական եկեղեցիները պետք է վրացիների՞ն հանձնեինք, կարող է մի օր շատանում են, ախր հարցին պետք է սկզբունքային մոտենալ»:
Սամվել Կարապետյանը վաղուց հետեւյալ համոզման է հանգել . «Ի վերջո ուժը պետք է տանք ոչ թե հավատքի ինչ-որ տեսակի, այլ ազգությանը: Մեր նախնիներն են ինչ-որ բան կառուցել, ուրեմն վերջ՝ դրանք հայկակա՛ն են: Ինչպես ինձ համար հայկական են, օրինակ, հայախոս համշենցիների կառուցած մզկիթները, որտեղ իմամից սկսած հայեր են ու միայն հայկական խոսք է հնչել»:
Aravot.am-ը Սամվել Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում տեսանյութի տակ եղած վիրավորական մենկաբանություններին: Հուշարձանագետն ասաց, որ չի տեսել դրանք, չնայած լուրջ չի էլ վերաբերվում. «Էական չի, դրանք մի քանի հոգի են, որոնք եկեղեցու հետ կապված են, ուղղակի եկեղեցու մանյակներ են: Ցավոք, քիչ են այն մարդիկ, ում ուղեղին հասնում է ասվածը»:
Իսկ կառավարության տված գումարները գրպանելու վերաբերյալ մեկնաբանության վերաբերյալ էլ Սամվել Կարապետյանն ասաց. «Սովորական, զուտ գենետիկ բամբասանքներ են, որ հայ մարդն իր մեջ ունի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
[…] քանի վանքերի ու եկեղեցիների հանդեպ: Ի դեպ, այս ամենը, ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, այն բանից հետո է սկսվել, երբ Հայ եկեղեցին պահանջ է […]