Aravot.am-ը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի ղեկավար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինքն արդյոք նպատակահարմար համարո՞ւմ է Մաշտոցի պուրակում՝ Մանկական երկաթուղու մուտքի հարակից տարածքում Համազգային թատրոնի նոր շենքի կառուցումը: Տիկին Դանիելյանը վրդովվեց. «Ինձ հրավիրել էին այդ քննարկմանը, ուղղակի չկարողացա ինձ ստիպել գնալ: Իհարկե, ուզում եմ, որ թատրոնը լինի, որ համազգայինի վայել հսկայական, գեղեցիկ շենք ունենա քաղաքի կենտրոնում, բայց ոչ այդ տեղում: Այն տարածքը, որ գլխավոր ճարտարապետն ընտրել է, կարծես հատուկ է արել, որ մտավորականությունը կիսվի ու սկսի կռվել իրար հետ: Այդ տարածքում անընդհատ ուզեցել են հյուրանոց կամ այլ շենք դնել, ամեն անգամ կռվել ենք, հիմա մեզ դեմ են տվել թատրոն, որ չկարողանանք բան ասել: Ես չեմ կարող Սոսի դեմ խոսել, քանի որ բացի նրանից, որ ես Սոսին հարգում սիրում եմ, մանկուց մենք բարեկամներ ենք եղել և Սոսը ինձ համար կուռքերից մեկն է, չեմ կարող վեր կենալ ու ասել, թե սխալ ես ասում: Ախր այստեղ ինքը չէ մեղավոր, այլ այն մարդը, որը բերել Սոսին այդ տարածքը դեմ է տվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ