Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մեծ նվաճումների սպորտում «ճեղքում» չի լինում

Օգոստոս 13,2012 14:38

Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Դա Պեկինի հետ համեմատած կրկնակի քիչ է, սակայն արծաթե մեդալի որակական առումով առաջընթաց քայլ է:

Որտե՞ղ ենք ավելի լավ հանդես եկել` Պեկինո՞ւմ, թե Լոնդոնում: Պատասխանները հակասական են. եթե Լոնդոնում, ո՞ւմ պետք է գովել, իսկ եթե նախորդ օլիմպիական խաղերում, ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ եւս հստակություն չկա. պետությո՞ւնը, օլիմպիական կոմիտե՞ն, ֆեդերացիանե՞րը, թե՞ հավաքականների գլխավոր մարզիչները եւ անձամբ մարզիկները:

Մեր կարծիքով, առաջին հերթին հարկավոր է մեկ անգամ եւս վերանայել համակարգը եւ մեկընդմիշտ կողմնորոշվել, թե ինչ ճանապարհ ենք ընտրում, ով` ինչով պետք է զբաղվի եւ ինչի համար այսուհետեւ պատասխանատու լինի: Բոլոր ոլորտներում մենք ուսումնասիրում ենք աշխարհի փորձը, անհրաժեշտության դեպքում վերանայում մեր ունեցածը եւ հարմարեցնում միջազգայնորեն ընդունված առաջավորին: Իսկ ինչո՞ւ դա չանել սպորտում` մեծ սպորտում: Մեզանում այնպիսի իրավիճակ է, որ բոլորն էլ մեծ սպորտի համար ինչ-որ անելիք ունեն: Երբ հաջողություն է լինում, ամեն մեկը դա  վերագրում է իրեն, իսկ ձախողման դեպքում մեղավորությունն աշխատում բարդել մյուսների վրա` ինքը մի կողմ քաշվելով:

Այո, հստակություն է հարկավոր, որը կսահմանագծի կոնկրետ օղակների կոնկրետ պարտականությունները եւ կոնկրետ պատասխանատվությունը: Բայց ասենք նաեւ, որ աշխարհում մի ընդհանուր համակարգ կամ ուղղություն էլ չկա: Պարզապես, ամեն մի երկիր հստակ ընտրել է այն ճանապարհը, որն իրեն ավելի նպատակահարմար է ու առաջնորդվում է դրանով: Օրինակ, ԱՄՆ-ում պետությունն ընդհանրապես չի զբաղվում մեծ սպորտով եւ օլիմպիական խաղերի նախապատրաստությունով զբաղվում են Ազգային օլիմպիական կոմիտեի ու ֆեդերացիաները: Հակառակ սրա, Չինաստանում ամեն բան պետության լիակատար վերահսկողության ներքո է: Եվրոպական շատ երկրներում դա ակումբների պարտականությունն է, իսկ Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում մեծ սպորտի պատասխանատուն օլիմպիական նախապատրաստության կենտրոններն են:

Ո՞րն է մեր` Հայաստանի, ընտրած ուղին: Իսկապես հասկանալի չէ: Չեմպիոնները հենց այնպես` օդից չեն հայտնվում: Չեմպիոն դառնում են մանուկ հասակից մարզադպրոցներում մարզվելով ու աճելով: Հայաստանում ներկայումս գործող ավելի քան 150 մարզադպրոցներից, գուցե, 30-ից էլ քիչն են սպորտի պետական կառույցի հաշվեկշռում: Ճնշող մեծամասնությունը ժամանակին հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: Իսկ թե այնտեղ ինչպես են աշխատանքները կազմակերպվում, գրեթե ոչ ոք չիգիտե ու չեն էլ հետաքրքրվում: Այստեղից  էլ` տեղերում աճող կադրերի սակավությունը կամ իսպառ բացակայությունը, որի համար ոչ-ոք պատասխանատու չէ: Ոչ-ոք չի հիշում ու հաշվետվություն չի պահանջում մարզպետերից, քաղաքապետերից, գյուղապետերից, մարզադպրոցների տնօրեններից ու մարզիչներից: Այստեղից էլ` հավաքականներին մատակարարվող կադրերի սակավությունը, ընտրանիներում տեղ  զբաղեցնելու համար լուրջ մրցակցության բացակայությունը, որը չի կարող չանդրադառնալ աշխարհի առաջնություններում եւ օլիմպիական խաղերում մեր մարզիկների մասնակցության եւ արդյունքների վրա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031