Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի ցնցումները զգացվեցին նաեւ մեզ մոտ, լուրեր տարածվեցին, թե Հայաստանում նոր, հզոր երկրաշարժ է սպասվում։
«Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում յուրաքանչյուր օր մինչեւ ժամը 11-12-ը կատարվում է հաշվարկ եւ գնահատվում է ուժեղ երկրաշարժի հավանականությունը Հայաստանում», – մեկնաբանելով այս լուրերը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը, – «Այս պահի դրությամբ մենք որեւէ հիմք չունենք ենթադրելու, որ Հայաստանում, առաջիկա երկու շաբաթվա մասին է խոսքը, կարող է տեղի ունենալ երկրաշարժ»։
Սեյսմիկ ծառայության ներկայացուցիչը նշեց, որ երկրաշարժն Իրանի տարածքի համար անսպասելի չէր, քանի որ Իրանը գտնվում է սեյսմոակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր։ Միեւնույն ժամանակ, ըստ մասնագետի, էպիկենտրոնային գոտու առանձնահատկությունը հաշվի առնելով՝ «պետք է ենթադրել, որ նոր, ավելի ուժեղ ցնցումների հավանականությունը շատ փոքր է»։
«Չեն բացառվում նոր հետցնցումներ, որոնք կարող են, այնուամենայնիվ, զգալի լինել Հայաստանի բնակչության համար, բայց քիչ է հավանականությունը, որ նրանք կլինեն ավելի ուժեղ, քան արդեն զգացվել է», – նշեց Աշխեն Թովմասյանը՝ կոչ անելով ավելի խուճապի չմատնվել եւ շարունակել առօրյա գործունեությունը։
Կարդացեք նաև
Հայաստանի տարածքում ցնցումներն ավելի զգալի են եղել Սյունիքի մարզում։ Մասնավորապես, անվտնագության նկատառումներից ելնելով, կարճ ժամանակով դադարեցվել է Տաթեւի ճոպանուղու աշխատանքը։
«Ցնցումների ժամանակ ուղեւորափոխադրող երկու վագոններն էլ գտնվում էին կայաններում։ Ճոպանուղու աշխատանքում տեղի է ունեցել 15 րոպեանոց տեխնիկական ընդմիջում, որի հիմնական նպատակն է եղել ստուգել ճոպանուղու կառավարման համակարգերը, որոնք որ, ստուգումից հետո պարզվեց, գտնվում են գերազանց վիճակում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը։
Երեկվա ցնցումները չէին կարող խոչընդոտ հանդիսանալ ճոպանուղու աշխատանքի համար, հավելեց Տիգրան Ղազարյանը։
Հովհաննես ՇՈՂԻԿՅԱՆ
«Ազատություն» ռադիոկայան