Քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Վլադիմիր Գրիգորյան) ցմահ ազատազրկման դատապարտված Միխայիլ Բաշչկովի գործով դատական նիստերը:
Վաղը նշանակվել է հերթական նիստը:
Միխայիլ Բաշչկովը Նուբարաշենի տարածքում գտնվող ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանային վարչության թիվ 2089 զորամասի ռադիոկենտրոնի շենքում 2010թ.հոկտեմբերի 23-ին սպանել էր հայազգի, ՌԴ քաղաքացիներ Արմեն Զաքարյանին ու Արթուր Ենոքյանին:
Մեղադրանքը պաշտպանող Հովսեփ Սարգսյանն ու Գրիգոր Տիգրանյանը հաստատված էին համարել այն, որ Միխայիլ Բաշչկովը պարտք լինելով Արմենին 150 000 ՀՀ դրամ, չի ցանկացել այն վերադարձնել, եւ սպանել է նրան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք (նախաքննությանն անդրադարձել ենք), որ ամբաստանյալը աշխատել է հեռախոսների վարձակալության կետում: Նա «Յունիբանկից» վերցրել էր 6 մլն.դրամ, գրավ էր դրել իրենց բնակարանը: Ուներ պարտքեր, որը չի կարողացել վերադարձնել:
Սպանությունից մեկ օր առաջ Արմենը գնացել է նրա աշխատավայր, պահանջել իր գումարը: Ըստ գործի նյութերի, Միխայիլը լավ իմանալով զորամասի տարածքը (նախկինում ծառայել էր այդտեղ), հայտնվել է այնտեղ, հստակ իմանալով, որ ամառը առաջին հարկի պատուհանը շոգից բաց են պահում, հերթապահում է մեկ օպերատոր, իսկ օպերատորն էլ զենք չի կրում:
Ամբաստանյալի մոտ եղել է դանակ: Երբ պատուհանից ներս է մտել՝ Արմենը քնած էր: Տասից ավելի հարվածներ նա հասցրել է Արմենին, իսկ նրա ընկերոջը՝ որին չէր ճանաչում, եւ չգիտեր էլ, որ ննջարանում այդ օրը երկու մարդ կա, հարվածել է 18 եւ ավելի անգամ:
Թողնելով իր զոհերին, նա վերցրել է նրանց բջջային հեռախոսները, եւ հեռացել:
Արմենի երրորդ երեխան նրա մահվանից հետո ծնվեց, իսկ Արթուրը՝ ուներ 2 անչափահաս երեխա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ