Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չե՞ք սիրում ձեր քաղաքը…

Օգոստոս 13,2012 11:13

Երբ երկար տարիներ ապրում էի օտար քաղաքում, ակնհայտորեն զգում էի, որ այդ երկրում բոլորը՝ նախագահից մինչեւ շարքային ոստիկան սիրում են իրենց մայրաքաղաքը: Թող մեկը փորձեր մեքենայի երաժշտությունը միացներ լուսամուտներիդ տակ: Թող մեկը փորձեր թեկուզ մի անիվով մայթի վրա բարձրանար՝ ոստիկանների ձեռքից չէր պրծնի, վայրկենական կգային, մեքենան տուգանային կտանեին, մի 500 եվրոյի էլ տուգանք կգանձեին: Ու ոչ մեկի մտքով նույնիսկ չէր կարող անցնել ռեստորանում գիշերվա կեսին այնպիսի քեֆ կազմակերպել, որ շրջակա թաղամասերի շենքերի պատուհանները դղրդային…

Այստեղ՝ քո հարազատ քաղաքում դուրս ես գալիս տանից՝ մայթի վրա տեղ չկա՝ մեքենաները հանգիստ շարված են, եւ այդպես շարունակ մինչեւ գործի տեղը: Ի՞նչ, ոստիկանը գա՞ ու վարորդին ասի՞ հանի մեքենադ մայթից… Ծիծաղում ե՞ք…Ոստիկանը գալիս, հանդարտ քայլքով շրջանցում է մայթին կանգնած «Մերսեդեսը» ու անհաղորդ անցնում առաջ… Մտքով էլ չի անցնում ախր, որ իր անմիջական պարտականությունն է՝ կարգազանցի ականջը ոլորել՝ գոնե ֆինանսապես ոլորել:

Մի օր պատմեցին, որ նկարիչ Հակոբ Հակոբյանը գրեթե լացակումաց ասել է՝ «Ախր ինչպես ստեղծագործեմ Հրազդանի ձորից ամեն գիշեր լսվող այս երաժշտության տակ»… Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ երաժշտություն է ու ինչ «ստեղծագործություններ» կարող են ծնվել դրա տակ…

Իսկ դուք լսեք իշխանությունների ոգեշունչ հորդորները, կարդացեք Հայաստանի փոխոստիկանապետի ինտերնետային գրառումները՝ ամեն տեղ նույն չարչրկված ու արժեզրկված միտքը՝ սա մեր քաղաքն է, մենք բոլորս պետք է բարեկարգ ու ապրելու համար հարմար դարձնենք այն… Առաջնորդվելով այդ առողջ գաղափարով, ամեն օր մայթին ավտոմեքենա տեսնելիս, մոտենում եմ վարորդին ու ասում՝ «Ինչո՞ւ ես կանգնեցրել, չէ որ խախտում ես անում»… «Կներես, ընկեր, իսկ դու ո՞վ ես՝ գայիշնիկ ե՞ս, թող ոստիկանը գա ինձ նկատողություն անի»… Ու ախր 100 տոկոսով ճիշտ է՝ իհարկե, դա ոստիկանի պարտականությունն է, բայց չի անում… Ու իր պարտականությունը չկատարելով, ստիպում է ինձ լեզվակռվի մեջ մտնել վարորդի հետ, իսկ լեզվակռիվը կարող է նաեւ այլ բանով ավարտվել… Այ, այդ ժամանակ միգուցե արդեն կգա ոստիկանը ու ինձ կտանի…

Ու նաեւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները, մեզ անընդհատ հերոսական պայքարի մղելով, ինչպես առաջ էին ասում, «մեր կյանքի արատավոր երեւույթների» դեմ, մեզ դնում են Ակուտագավայի հերոսի տեղ, որը ողջ կյանքը փորձում էր ծակել ճանապարհի վրա ընկած ժայռակտորը… Չի լինում այդպես, մարդ հոգնում, զզվում ու անտարբեր է դառնում՝ հոգեբաններին հարցրեք: Եվ ո՞ւմ պատճառով՝ նրանց պատճառով, ովքեր չեն կատարում իրենց անմիջական պարտականությունները:

Քաղաքակիրք հարաբերությունները կարող են զարգանալ միայն ստորին մակարդակում կարգ ու կանոն եւ կարգապահություն հաստատելու հիմքի վրա: Կա՞ նման բան մեր հանրապետությունում, լավ, ավելի նեղ իմաստով՝ մեր հարազատ քաղաքո՞ւմ…

Իսկ դուք, հարգելի քաղաքապետ, ոստիկանապետ, ճանապարհային ոստիկանության պետ, հլա փորձեք հենց վաղվանից մաքրել Երեւանի բոլոր մայթերն ավտոմեքենաներից, ախր դա ոչ միայն ծախս չի պահանջում, դա իսկական ոսկու հանք է բյուջեի համար՝ թիվ կա աստղերին, թիվ չկա Երեւանի մայթերին կայանված մեքենաներին, որոնք կարծես մարտահրավեր են նետում՝ դե արի տուգանիր… տուգանող չկա… Փորձեք նաեւ խստորեն պատժել գիշերվա կեսին, եւ ինչու միայն գիշերվա կեսին, ազդանշան տվողներին ու թաղամասով մեկ ռաբիզ միացնողներին… Փորձեք այնպես անել, որ մեկընդմիշտ վերջ դրվի Հրազդանի ձորի այդ երաժշտական սրտխառնոցային խայտառակությանը…

Ու տեսեք, թե ինչպես կբացվի ու կծաղկի երեւանցին, ինչպիսի նոր սիրով կհամակվի դեպի իր հարազատ քաղաքը, ինչ հանճարեղ կտավներ կստեղծի Հակոբ Հակոբյանը… Էլ չեմ ասում, թե որ երկնքում կլինեն մեր ընտանիքն ու մեր հարեւանները, եթե վաղն արթնանանք ու տեսնենք՝ վայ, չկա այլեւս մեր պատուհանների տակ Երեանի այդ խայտառակությունը՝ բենզինի բուդկան քաղաքի ամենակենտրոնում…

Բա ինչո՞ւ չեք անում… Տես վերնագիրը…

Արմեն ԴՈՒԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031