«Ճպուռն ու մրջյունը» («Стрекоза и Муравей») առակը ռուս գրող Իվան Կռիլովը 19-րդ դարի սկզբում փոխառել է 17-րդ դարի ֆրանսիացի առակագիր Ժան Լաֆոնտենից («La Cigale et la Fourmi»), վերջինս էլ օգտագործել է մ.թ.ա. 6-րդ դարում ապրող կիսաառասպելական հույն հեղինակ Եզովպոսի սյուժեն; Դպրոցական դասագրքերում տեղ գտած Կռիլովի գործը, ըստ էության, թարգմանություն է` մի քանի էական փոփոխություններով: Նախ` Լաֆոնտենի մոտ գործող երկու կերպարները «կանայք» են, որոնցից մեկը цикада (կնճիթավոր ճպուռ) է: Կրիլովի առակում ռուսաստանյան բնության մեջ գրեթե տեղ չունեցող կնճիթավոր ճպուռը վերածվել է սովորակն ճպուռի` стрекоза-ի, իսկ իգական սեռի մրջյունը դարձել է արական` հավանաբար, այն պատճառով, որ «муравьиха» բառը չափածո տեքստում դժվար է տեղադրել: Բացառված չէ նաեւ, որ ռուս գրողը ցանկանում էր ընդգծել հակադրությունը սեռական տարբերությամբ: Հայերենում մրջյունը սեռ չունի, եւ Աթաբեկ Խնկոյանի փոխադրություն տեքստից հնարավոր չէ հասկանալ, թե ում մոտ է եկել պատսպարվելու թեթեւամիտ ճպուռը` բարեկամի, թե բարեկամուհու:
Բայց գոյություն ունի ավելի կարեւոր երանգ, որը չկա ոչ Եզովպասի, ոչ Լաֆոնտենի, ոչ Խնկոյանի մոտ եւ առկա է միայն Կրիլովի ստեղծագործության մեջ: «Ты все пела? Это дело: /Так пойди же попляши!»` մրջյունի այսպիսի անողոք խոսքերով է ավարտվում ռուս գրողի առակը: Ռուս հետազոտողները, մասնավորապես, Լեւ Վիգոտսկին, նշում են, որ ռուսերենում «попляши» բառը բազմիմաստ է, այդ թվում նշանակում է «մեռի՜ր»: Համեմատեք Խնկո-ապոր տեքստի հետ` «Այժմ էլ բռնի/Վեր-վերի,/Քամին ծափ տա,/Դու պարի՛»: Այս դեպքում կասկած չկա, որ պարի տեսակի հիշատակմամբ մրջյունը պարզապես խորհորդ է տալիս ճպուռին` վայելել իր անգործության տխուր, քամու նման դատարկ պտուղները: Ամենադաժան տարբերակը, մի խոսքով, Կռիլովի մոտ է:
Բայց կա հարցի հնարավոր հանգուցալուծումներից «ամենամեղմը»: Ամերիկյան մուլտֆիլմում, երբ ճպուռը գալիս է ամռանն աշխատած եւ իրենց հանգիստը վայելող մրջույնների մոտ եւ ապաստան է խնդրում, վերջիններս մի քանի վայրկյան տարակուսելուց հետո ելքը գտնում են` «Դու երգե՞լ գիտես, ուրեմն ողջ ձմեռ զվարճացնելու ես մեզ քո երաժշտությամբ»: Թեեւ նման լուծումն ամբողջությամբ հակասում է առակի տրամաբանությանը, բայց փոխարենը ամերիկյան պրագմատիզմի վառ դրսեւորում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ