2008 թվականից Ադրբեջանում գործում է «Համայնքների տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, որը մասնաճյուղեր` ռեսուրս կենտրոններ ունի Ադրբեջանի բազմաթիվ, այդ թվում` Հայաստանին սահմանակից շրջաններում: Այդ կազմակերպության նախագահ Թեյուբ Միրգասիմովը հայտնեց, որ իր ծնողները մինչեւ 1948 թվականը բնակվել են Երեւանում: Միրգասիմովը Aravot.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց, որ հայ-ադրբեջանական հակամարտության հաղթահարմանն ուղղված միջոցառումները խաղաղության հասնելու փոքր, սակայն գործնական քայլեր են: Նրա խոսքերով` շատ կարեւոր է, որ այդ հանդիպումները կազմակերպվում են ոչ թե Եվրոպայում ինչ-որ տեղ, այլ` Վրաստանում, որ դրանց մասնակցում են համայնքների հարյուրավոր բնակիչներ: Թ. Միրգասիմովի համոզմամբ` Թեքալիի գործընթացի առավելություններից է, որ հայ-ադրբեջանական հանդիպումներին մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ տարածքների բնակիչներ,ովքեր ապրելով հակամարտության գոտում, ավելի լավ գիտեն խաղաղության գինը:
Ոսկան Սարգսյան