Հալեպի արևելյան Սուկկարի շրջանում օգոստոսի 11-ին կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական զորքերի և այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի գրոհայինների միջև: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» լիբանանյան արբանյակային ալիքը:
Մարտերը տեղափոխվել են այդ շրջան այն բանից հետո, երբ բանակը նախօրեին ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել հարևան` Սալահ-ադ-Դին թաղամասը, որը զինված ընդդիմության գլխավոր հենակետն էր:
SANA սիրիական պետական լրատվական գործակալությունը, իր հերթին, հաղորդում է, որ մարտեր են ընթանում նաև Սեյֆ-ադ-Դաուլ շրջանում և Հալեպի մի քանի այլ թաղամասերում: Ըստ հաղորդագրության, գրոհայինները մեծ կորուստներ են կրում: Նշվում է նաև, որ «ոչնչացվել են Հալեպի միջազգային օդանավակայանի վրա նախօրեին հարձակում կատարած բոլոր ահաբեկիչները»:
Քաղաքի մյուս` Բաբ ալ Հադիդ շրջանում սպանվել է Լիբիայի քաղաքացիներից կազմված խոշորագույն զինված խմբավորման առաջնորդը: «Ալ-Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ Հալեպում զոհված գրոհայինների մոտ հայտնաբերվել են նաև անձը հաստատող սուդանյան, սաուդյան և եմենական փաստաթղթեր:
Կարդացեք նաև
«ՌԻԱ-Նովոստի» ռուսական գործակալության փոխանցմամբ, մինչ սիրիական բանակը Հալեպից դուրս է մղում զինված ընդդիմությանը, այսօր պաշտոնական այցով հարևան Թուրքիա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը և ընդդիմությանն աջակցման, մասնավորապես, Սիրիայի տարածքում անվտանգության գոտիների ստեղծման հետ կապված հարցեր:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Անկարան պատրաստ է Սիրիայի հետ սահմանի երկայնքով նման գոտիներ ստեղծել:
«ՓԱՍՏԻՆՖՈ»