Օգոստոսի 10-ին Ծաղկաձորի կենտրոնում գտնվող Ծաղկունյաց հրապարակում անցկացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան «PANTOMIMEFEST» մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա էին լրագրողներ, արտասահմանից ժամանած հյուրեր, դերասաններ: Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը, որն էլ վարեց ողջ ընթացքը:
Փառատոնին մասնակցում են անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր` տարբեր երկրներից. Մատեո Չոնինին Իտալիայից, Մակոտո Ինոուեն Ճապոնիայից, Գլեն Խավիերը՝ իր թատերախմբով Դանիայից, Փոլանդ Թիեթր թատերախումբը Լեհաստանից, Սերգեյ Չերվյակովը Ղազախստանից, ինչպես նաև 4 հայաստանյան թատրոններ: Փառատոնի հատուկ հյուրն է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, արվեստաբանության թեկնածու, մնջախաղի մասին բազմաթիվ գրքերի, հոդվածների հեղինակ, ինչպես նաև մի շարք ներկայացումների բեմադրող Ելենա Մարկովան Ռուսաստանից:
Փառատոնը կազմակերպում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Ծաղկաձորի քաղաքապետարանը:
Քրիստինա Միրզոյան