Ըստ նորաբաց «KOOK» ցուցասրահի սեփականատեր Վահրամ Հարությունյանի՝ այս պարագայում արվեստագետը չի կարող անտարբեր լինել:
1990-ականներից Հայաստանում բացված ու կարճատեւ կյանք ունեցած ցուցասրահների առիթով ժամանակին «Առավոտի» հետ զրուցած արվեստագետների մեծ մասը դրանց փակման հիմնական պատճառները կապում են պետության կողմից աջակցության բացակայության, հարկային ծանր բեռի ու արվեստի գործերի անգնողունակության հետ: Մեր օրերում գործող փոքրաթիվ ցուցասրահների («Արամե», «Ակադեմիա», «Մանե» եւ այլն) թիվը ավելացավ մեկով. «Էրեբունի պլազայում» բացվել է «KOOK» ցուցասրահը: «Առավոտը» հանդիպեց վերջինիս սեփականատեր, ճանաչված գեղանկարիչ Վահրամ Հարությունյանի (Կուկ) հետ, ով օրերս է վերադարձել Ամերիկայից, որտեղ, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մասնագիտական հանդիպումներ է անցկացրել: Մեր զրուցակիցը հայտնեց, թե նորաստեղծ ցուցասրահի շնորհանդեսը կկայանա աշնանը: Ինչ վերաբերում է «ամերիկյան» հանդիպումներին, հրաժարվեց մանրամասներ հայտնել, միայն ասաց, թե, օրինակ, Նյու Յորքում տպավորություն է ստացել, որ հենց ցուցասրահներն են եղանակ ստեղծողը, այլ ոչ թե պետությունը կամ նախարարությունը: Ասածն էլ հիմնավորեց այսպես. «Տեղի թանգարաններում ներկայացված անվանի հեղինակները տեղ էին գտել ցուցասրահներում, եւ դա է ճիշտը: Ի վերջո, բարձրարվեստ գործը գնում են ցուցասրահից, այլ ոչ թե գետնի վրայից: Քաղաքակիրթ ցանկացած երկրի նույնիսկ փոքր քաղաքներում գործում է 300-400 ցուցասրահ: Մեր երկրում դրանց թիվը պետք է կազմի գոնե շուրջ 150»:
Աշխարհի տարբեր երկրներում ցուցադրություններ ունեցած գեղանկարիչը, որ առաջին անգամ է եղել Նյու Յորքում, ասաց նաեւ. «Ինձ մոտ այն տպավորությունն է, թե աշխարհը մի կողմ է պտտվում, մենք՝ այլ: Արվեստագետներս ու արվեստասերները անընդհատ մտածում ենք ինչպես, ինչ ճանապարհով շփվել մշակութային բարձր արժեքների հետ… Թեեւ ինչից եմ խոսում… Ներքին, ազգային խնդիրներ չենք կարողանում լուծել, ընկել ու տապակվում ենք դրանց մեջ»: Ընդվզող արվեստագետը ասաց նաեւ. «Երբ երկիրդ կոմայի մեջ է, բնական է, որ արվեստագետն էլ անտարբեր լինել չի կարող: Դա նույնն է, թե անտարբեր լինես հիվանդ ծնողիդ նկատմամբ: Արվեստագետն իր երկրում պետք է այնքան ազատ ու ուժեղ զգա, որ հովանավորի մասին չմտածի, հակառակը՝ Արեւմուտքի օրինակով հովանավորը արվեստագետի կարիք ունենա»:
Անդրադառնալով ցուցասրահներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանում ցուցասրահների ստեղծումը պետք է խրախուսվի պետության կողմից, հավելեց. «Մեր երկրում ստեղծագործում են 1000-ից ավելի նկարիչներ, իսկ սկսնակները ներկայանալու խնդիր ունեն: Ընդհանրապես, արվեստագետներն էլ, մեղմ ասած՝ կախման մեջ են մշակույթի նախարարությունից: Մյուս կողմից՝ այդ գերատեսչությունը ֆիզիկապես չի կարող համագործակցել բոլորի հետ: Այ թե ինչու են անհրաժեշտ ցուցասրահները: Վերջիններս հնարավորություն կտան առաջին հերթին ստեղծել ազատ դաշտ: Հավատացած եմ՝ եթե լինեն միայն բարձրակարգ արվեստին ծառայող ֆոնդեր, որոնց աշխատանքը պայմանավորված է հետաքրքիր նախագծերով, դրանց քանակն էլ կբերի դաշտի ազատության»: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ հնարավոր է պետությունը դառնա թելադրող, արվեստագետն ասաց. «Չգիտեմ ինչպես կլինի, բայց աշխարհում ֆոնդերը անկախ են եւ ունեն մշակված սեփական քաղաքականություն»: Դիտարկմանն էլ, թե ցուցասրահների օգնությամբ գնորդը կկարողանա առանց միջնորդ մասնագետի բարձրավեստ նկար ձեռք բերել, մեր զրուցակիցը, համակարծիք լինելով, բերեց Շվեյցարիայի օրինակը. «Այդ երկրում մշակույթ «կարդալ» են սովորեցնում դեռ մանկապարտեզից, իսկ հանրակրթական դպրոցի ավարտական վկայական առանց դրա չեն տալիս…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ