«Առավոտի» հուլիսի 26-ի համարում «Վաճառել են զինվորականի տունը, գույքն էլ չգիտեն՝ ուր է» հրապարակմամբ անդրադարձել էինք Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի 14 սենյակի բնակիչ Հերմինե Պետունցի գործին: Նա զինծառայող ամուսնու հետ ժամանակավոր բնակվում aէ ԼՂՀ-ում, զինծառայողների համար նախատեսված կացարանում՝ իր չորս երեխաների հետ:
Տեղեկացրել էինք նաեւ, որ Հերմինե Պետունցը ահազանգի հիման վրա վերադառնում է Բյուրեղավան, տեսնում՝ իրենց հանրակացարանի դռան փականը կոտրված, եւ ըստ մեր զրուցակցի էլ՝ բնակարանն էլ վաճառվել էր մեկին՝ 650 000 դրամով:
Հ. Պետունցը դիմել էր ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն, որն էլ իր հերթին այս տարվա հուլիսի 4-ին դիմել էր ոստիկանության Կոտայքի մարզի բաժնի պետ, գնդապետ Ա. Առաքելյանին: Դատախազը ոստիկանություն էր ուղարկել նաեւ Հ. Պետունցի դիմումը:
«Առավոտում» օգոստոսի 9-ին պարզաբանմամբ հանդես եկած Բյուրեղավանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ, հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատւ Նվարդ Ալավերդյանն էլ պնդել էր, թե՝ «քաղաքապետարանը որեւէ մեկի «տուն» չի վաճառել», իսկ թիվ 1 հանրակացարանի 14 սենյակն էլ բնակհանձնաժողովի առաջարկով տրամադրվել է ժամանակավոր բնակության՝ երիտասարդ ընտանիքի, քանի որ, ըստ քաղաքապետարանի, «նշված սենյակում 2004թ. ոչ ոք չի բնակվել եւ հաշվառված անձինք չկան»:
Կարդացեք նաև
«Առավոտի» տրամադրության տակ գտնվող Բյուրեղավանի քաղաքապետարանի 2005թ. նոյեմբերի 11-ի թիվ 245 տեղեկանքի համաձայն, Պետունցների ընտանիքը հաշվառված է նշյալ հանրակացարանում, անչափահաս երեխաների հետ, իսկ հիմքը (լուսանկարում պատկերված) հանդիսացել է քաղաքապետարանի կողմից տրված 2005թ. հունիսի 28-ի օրդերը:
Ի դեպ, մեկ այլ պաշտոնական փաստաթղթից, Բյուրեղավանի քաղաքապետարանը հավաստում է, որ «Այս օրդերը հանդիսանում է միակ փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղեցնելու հիշյալ բնակելի մակերեսը»:
Ավելին, նշվում է՝ «Օրդերը այլ անձի տալն արգելվում է»:
Մեր թերթի տրամադրության տակ է նաեւ բնակչության պետական ռեգիստրում Պետունցների հաշվառման մասին պաշտոնական տեղեկանքը, համաձայն որի՝ Հ. Պետունցը հաշվառված է եղել նշյալ հանրակացարանի նշյալ սենյակում: Ի դեպ, պատրաստ ենք այս փաստաթղթերը տրամադրել քաղաքապետարանին:
Քաղաքապետարանը պաշտոնական պարզաբանմամբ նշում է, թե Հ. Պետունցը նշված սենյակի հարցով դիմել է 8 ամիս անց՝ 2011թ. ապրիլին: Դարձյալ տեղեկացնենք քաղաքապետարանին, որ նշյալ սենյակների սեփականաշնորհումը սկսվել է 2011թ. փետրվարին, հետեւաբար, Հ. Պետունցը չէր կարող ապրիլին դիմելով՝ «ուշանար» 8 ամսով:
Ի դեպ, 1997թ. կառավարության որոշման համաձայն՝ 2 ամիս ժամանակ էր տրվել այս հանրակացարանի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու համար, մինչդեռ, նկատենք, որ այն, չգիտես ինչու, սկսվել է 2011թ. փետրվարին:
Ի վերջո, Կոտայքի մարզի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Կ. Խաչատրյանի՝ օգոստոսի 9-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիքի միջոցով իրավախախտում կատարելու համար:
Նշենք, որ քննիչը մարզի դատախազի տեղակալ Վ. Գրիգորյանի քրոջ որդին է՝ Հրանտ Ասրյանը:
Դիմող կողմը՝ Հ. Պետունցը, որն իրեն տուժող է համարում, դիմել է քննչական բաժանմունքի պետ Կ. Խաչատրյանին, հայտնելով, որ գործող քաղաքապետը՝ Հակոբ Բալասյանը, «հետաքննությունից խուսափելու նպատակով հետաքննիչին է ներկայացրել կեղծ փաստաթղթերի կրկնօրինակներ, որոնք նախկինում չեն եղել»: Հետեւաբար, զինվորականի կինը պահանջում է հանձնարարել անհապաղ Բյուրեղավանի քաղաքապետարանից առգրավել քրեական գործում առկա այդ փաստաթղթերի բնօրինակները եւ փորձաքննության միջոցով պարզել դրանց կատարման ժամկետը:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի այն պատասխանին, թե «ժամանակավոր բնակություն տրամադրելու ժամանակ այնտեղ գույք չի եղել», ապա այս հարցին պիտի պատասխանեն իրավապահները, քանի որ քաղաքացին ակնարկում է այնտեղ գույք լինելու մասին եւ անգամ ներկայացնում է այդ գույքի ցանկը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ