Արդեն 20 տարուց ավելի է անցել, բայց 38-ամյա Նունե Սիմոնյանի հիշողությունից ոչ մի կերպ չեն ջնջվում մանկատանն ապրած տարիները:
Նունեն հազիվ 4 տարեկան էր, իսկ քույրերն ավելի փոքր, երբ մայրը 3 դուստրերին հանձնեց Գավառի մանկատան խնամակալությանը՝ պատճառաբանելով, որ լավ չեն ապրում, հազիվ յոլա են գնում. «Հեն ա՝ պետությունն անվճար պահում ա, էլի, ապրեք»:
Չնայած մայրը «գլուխն ազատել է» երեխաների հոգսից՝ ակնկալիքով, որ մանկատանը գոնե մի փոր կուշտ հաց կուտեն, սակայն Նունեն մեզ հետ զրույցում պատմեց, որ մանկատանն ավելի վատ պայմաններ էին. «Մինչեւ անկախությունը՝ Գավառի մանկատանը կյանքն անտանելի էր: Մանկատան՝ մեզանից մեծ երեխաները մեզ ծեծում էին, ու մենք անպաշտպան էինք, որովհետեւ դաստիարակներն ու տնօրենը փոխանակ հոգատար լինեին երեխաների նկատմամբ, իրենք էլ էին մեզ ծեծում: Կուշտ հաց ուտելը երազանք էր. թերսնումը սովորական երեւույթ էր, հագուստ, կոշիկ չկար, նույն կոշիկն էնքան էին վերանորոգում ու նորից տալիս մեզ՝ հագնելու, որ մեխերը ծակում էին մեր ոտքերը: Միանման հագնված որ դուրս էինք գալիս մանկատնից, մարդիկ ասում էին՝ հրեն, որբերը»: Նունեն, երբ մորը խնդրում էր իրեն ու քույրերին հետ վերցնել մանկատնից, քանի որ իրենց պարբերաբար ծեծում էին, մայրը հրաժարվում էր. «Ուրեմն դուք ձեզ լավ չեք պահում, դրա համար էլ ծեծում են»:
Մեզ հետ զրույցում Նունեն ասաց, որ մանկատան սաների համար շատ դժվար է լուրջ մասնագիտական կրթություն ստանալը, հատկապես, երբ մանկատանը երեխաներին կրթելու ուղղությամբ գրեթե ոչինչ չեն արել: Դպրոցն ավարտելուց հետո Նունեն տեղափոխվել է Երեւան. երազում էր սպորտսմենուհի դառնալ, փորձել է ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, սակայն չի ստացվել: Բայց որպեսզի մի «փեշակ» ունենա, որ կարողանա հացի փող աշխատել, ձեռք է բերում մեքենագրուհու-քարտուղարուհու մասնագիտություն: Ոչ մի տեղից ու ոչ ոքից օգնություն չստանալով՝ մանկատան նախկին սանը հարմարվում է, որ այս կյանքում ինքը միայնակ է եւ ամեն ինչ պետք է ինքնուրույն անի. «Ուսանողական տարիներին մանկատան շրջանավարտներով դասերից հետո լամպեր էինք սարքում ու վաճառում, դրանով էլ 2 հազար դրամ թոշակի հետ մի կերպ ծայրը ծայրին էինք հասցնում: Մշտապես կարիքի մեջ էի, դրա պատճառով էլ միշտ շատ հոգեպես ճնշված վիճակում եմ եղել, բայց երբեք աշխատանքից չեմ վախեցել ու ոչ էլ չարացել եմ. սա էլ իմ բաժին կյանքն է: Շատ եմ նեղվել, բայց երբեք չեմ հուսահատվել, նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնալուծվեցի, երբ երեխայիս պահելու համար ոչ մի միջոց չունեի: Դիմում էի աշխատանքի տեղավորման բոլոր գործակալություններին, ասում էի՝ ինչ գործ լինի՝ կանեմ: Ես պատրաստ էի նույնիսկ ինչ-որ խմբի հետ «խոպան» գնալ, «ռեմոնտի» գործ անել, դա լավ ստացվում է ինձ մոտ, բայց բոլորն ասում էին՝ մեծ ես, քեզ համար գործ չունենք: Թե՝ 35-36 տարեկանի մեծը ո՞րն է»:
«Փրկարար Նունեն» (հաճախ են այսպես «մատնացույց» անում Նունեին, քանի որ նա միշտ երազել է փրկարար աշխատել) մարդկանց մշտապես օգնելու, ձեռք մեկնելու պատրաստակամությունն ամեն առիթի ցույց է տալիս. «Մի անգամ, երբ ուսանող էի, հարեւանիս 1 տարեկան երեխան 3-րդ հարկից ընկել էր դուրս, ու երեխային մոտենալու ճանապարհ չկար: Ես, առանց խուճապի մատնվելու, միանգամից 2-րդ հարկի պատուհանից թռա ներքեւ ու օգնեցի երեխային, հետո մի կերպ տեղից հանեցի ու վազելով տարա մոտակա հիվանդանոց»: Հիմա էլ Նունեն չի հրաժարվում իր երազանքից՝ ուզում է փրկարար դառնալ, չնայած երազանքը մասամբ կատարվել է՝ այսօր Նունեն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ որպես հաշվետար. «2011 թվականին վարչապետը մեր հանրակացարան էլ այցելել, դե, ասացի, որ աշխատանք չունեմ, անչափահաս երեխայիս չեմ կարողանում պահել, վարչապետը հարցրեց՝ ի՞նչ աշխատանք եմ ուզում, ես էլ ասացի՝ փրկարարի, ու ինձ աշխատանքի ընդունեցին ԱԻՆ-ում: Բայց էլի հույսս չեմ կտրում, որ փրկարարների ջոկատում կընդգրկվեմ: Դրա համար լուրջ պատրաստվել է պետք»: Գո՞հ է իր աշխատանքից՝ այս հարցին Նունեն այսպես պատասխանեց. «Տղամարդկանց հետ աշխատելն ինձ դուր է գալիս, նրանց հետ հեշտ է՝ ոչ բամբասում են, ոչ էլ ավելորդ հետաքրքրություն ցուցաբերում»:
Նունեն իրեն կյանքում ինչ-որ չափով կայացած է համարում, միակ բանը, որ մեծ տխրությամբ է հիշում, ինչպես ինքն ասաց՝ «Ափսոս, որ ֆիզկուլտ ինստիտուտ չընդունվեցի, լավ սպորտսմեն կդառնայի: Երեխա ժամանակ իմ հասակակից աղջիկները «կար ու ձեւի» էին գնում, ես ֆուտբոլ էի խաղում, սպորտով զբաղվում: Բայց ոչինչ, դժգոհ չեմ, մենակ աշխատանք ունենամ, ամեն ինչ լավ կլինի: Մեկ-մեկ մանկատան երեխեքին աշխատանք են առաջարկում, իրենք հրաժարվում են, ասում են՝ «Փարոսից» կզրկվենք: Ես «Փարոս» չեմ ուզում, ուզում եմ իմ «հալալ» քրտինքով ապրուստիս փողն աշխատել, մեկ-մեկ էլ գնում եմ՝ ուրիշների տները մաքրություն եմ անում, էլի կողքից գումար ա, էլի: Կյանք է, պայքարել է պետք, աշխատել, մարդկանց մեջ հավասար առաջ գնալ»: Նունեի 13-ամյա դուստրը՝ Դիանան, մոր նման երազում է պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ. «Դիանաս 4 տարի լողի գնաց, 7 հատ դիպլոմ, 2 հատ մեդալ ունի: Պարապմունքի վարձը չկարողացա վճարել, երեխաս դուրս եկավ լողից: Հիմա էլ ֆուտբոլով է զբաղվում՝ «Փյունիկում» է խաղում, լավ է խաղում, 2 տարուց ազգային հավաքականում կընդգրկվի»:
Հայտնի խոսքին՝ «ժամանակն ամեն ինչ բուժում է», Նունեն այնքան էլ համաձայն չէ, իր խոսքերով՝ ոչ էլ բուժում է: Չնայած շատ ժամանակ է անցել մանկատանն ապրելու տարիներից, բայց այսօր էլ՝ 38 տարեկանում, նոր մարդկանց հետ ծանոթանալիս Նունեն շրջանցում է իր ծնողների ու մանկատանը մեծանալու թեման. «Չեմ ուզում խղճահարությամբ վերաբերվեն ինձ»:
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ