Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կանգնած չէ ճակատագրական այլընտրանքի առջեւ»

Օգոստոս 11,2012 13:15

Խոսրով Հարությունյանը՝ Եվրասիական միության մասին

Նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չափազանցված է համարում այն մոտեցումը, որ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցում ՀՀ-ն երկընտրանքի առջեւ է կանգնած: «Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը, որի մասին խոսում են Ռուսաստանի քաղաքական ղեկավարները՝ դեռ որեւէ մեկին հայտնի չէ: Դա կոնֆեդերացիա՞ է լինելու, թե՞ այլ կառույց… Թեպետ ակնարկվում է, որ այն շատ նման պետք է լինի Եվրամիությանը՝ իր քաղաքական եւ տնտեսական բովանդակությամբ, բայց այդ բոլոր հարցերում դեռ անորոշություն կա»,- ասում է մեր զրուցակիցը: ՀՀԿ-ական պատգամավորը վկայակոչում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը հռչակել է գերակա ուղղություն Եվրամիության հետ ինտեգրման քաղաքականությունը եւ հետամուտ է լինում այդ քաղաքականությանը, քանի որ Հայաստանի ժողովրդի հիմնական խնդիրն է վերադառնալ իր արժեհամակարգով այն պատմական բնօրրանը, որտեղից ինքը սկսել է: Հետեւաբար, գոնե տեսանելի ապագայում, Խոսրով Հարությունյանը մեզ համար խնդիր է համարում Եվրամիության հետ ինտեգրվելու, սերտ համագործակցելու ճանապարհով մեր կյանքը որակապես այլ մակարդակ բարձրացնելը:

Նախկին վարչապետի կարծիքով՝ առաջին հայացքից ՌԴ-ի Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությունը նպատակ ունի նախկին ԽՍՀՄ տարածքում էներգակիրների պոտենցիալն իր հսկողության տակ պահել: «Մյուս կողմից՝ մենք ունենք երկարատեւ ժամկետում անվտանգության ապահովման խնդիրներ, որոնք մենք կարգավորում ենք ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններով եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Արդյոք ՌԴ-ի՝ մեր կարեւորագույն ռազմավարական գործընկերոջ համար այդ հարաբերությունները հարավային ուղղությամբ ՌԴ-ի շահերը ռազմավարական տեսակետից պաշտպանելու կամ ապահովելու մասով բավարար չե՞ն: Ես կարծում եմ՝ դրանք միանգամայն բավարար են: Բայց, հավանաբար, ՌԴ-ն Եվրասիական միությունը նախաձեռնելիս ունի մի նպատակ աշխարհաքաղաքական մթնոլորտում իբրեւ ուժային կենտրոն ավելի ամրապնդել իր դերակատարումը: Որովհետեւ այդ միությունն, ըստ էության, կվերածվի ոչ միայն հզոր ռազմական պոտենցիալ ունեցող, այլեւ մոտ 300 միլիոնից ավելի ազգաբնակչություն ունեցող մի շուկայի՝ հսկայական տնտեսական հնարավորություններով: Դրան գումարած տնտեսության ամենակարեւոր բաղկացուցիչը՝ էներգակիրները»,- իր անձնական կարծիքը փոխանցեց Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա՝ եթե ՌԴ-ին ինչ-որ կերպ հաջողվի այդ միության մեջ ներգրավել նաեւ Ադրբեջանին, ապա այդ միությունը բոլոր առումներով կարող է դառնալ բավականին ազդեցիկ՝ միջազգային գլոբալ քաղաքականության մեջ դերակատարում ունեցող: Այս տեսանկյունից, մեր զրուցակցի տպավորությամբ, Հայաստանի մասնակցությունն այդ միության անդամներին ոչ տնտեսական, ոչ ռազմական առումով ոչինչ չի տալիս: Հետեւաբար, ինչո՞ւ է ՌԴ քաղաքական ղեկավարությունը շահագրգիռ ՀՀ-ին ներգրավելու հարցում, ի՞նչը նրանց չի բավարարում իրենց ռազմաքաղաքական, տնտեսական հետաքրքրությունները բավարարելու հարցում հայ-ռուսական ներկայիս հարաբերություններում, ՀՀ նախկին վարչապետն էլ է դժվարանում հասկանալ. «Ոչ մի պակաս բան չկա»:

«Առավոտի» հարցին՝ որքանո՞վ կարող է այս հարցում նշանակություն ունենալ ԼՂՀ հարցի կարգավորումը եւ ՌԴ-ի վճռական դերակատարումը. «ՌԴ-ի հետ բարիդրացիական, ռազմավարական գործընկերությունը, այն, որ վերջին փոփոխությունների համաձայն՝ ՌԴ-ն ստանձնում է ՀՀ-ի անվտանգության երաշխավորի դերակատարությունը, ակնհայտ են դարձնում, որ ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացը կարծես երաշխավորված է: Եթե նույնիսկ ՀՀ-ն լինի Եվրասիական միության կազմում՝ ավելին այդ միությունը կամ ՌԴ-ն չեն կարող երաշխավորել»: Հետեւաբար, ինչո՞ւ է ՌԴ-ն այդչափ շահագրգռված, որ ՀՀ-ն անպայման ընդգրկվի այդ միության կազմում՝ իր իսկ հնչեցրած հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանում է. «Ես բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ: Միգուցե մենք մի քիչ չափազանցում ենք, թե ՌԴ-ն շատ շահագրգիռ է եւ նույնիսկ փորձում է ճնշում գործադրել: Միգուցե դա ընդամենն առաջա՞րկ է»: Ընդհանուր սահմանի բացակայության խնդրից բացի՝ Խոսրով Հարությունյանը նկատում է նաեւ, որ այդ միության կազմում ընդգրկվելու պարագայում Հայաստանը ինքնիշխանության որոշակի կորուստ էլ է կրելու, ինչն իր հերթին հավելյալ խնդիր է առաջացնում. «Իսկ սփյուռքն ինչպե՞ս կվերաբերվի: 10 միլիոնանոց հայությունը հայապահպանությունը մեծ իմաստով պայմանավորում է ինքնիշխան Հայաստանով, անկախ Հայաստանով: Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի անկախության փոքր-ինչ նվազեցումը, մանավանդ, որ դա չի կոմպենսացվում անվտանգության աներկբա երաշխիքներով կամ ղարաբաղյան կոնֆլիկտի ակնհայտ հայանպաստ լուծումներով, սփյուռքի հետ բավականին լուրջ խնդիրներ կարող են առաջացնել: Մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ հայապահպանության քաղաքականության ոլորտում: Համաձայնեք, որ Եվրասիական միությունն իր արտաքին քաղաքականության մեջ Ցեղասպանության ճանաչումը չի համարի գերակա, հետեւաբար սփյուռքահայության շատ գաղթօջախների համար Հայաստանն իր աշխարհաքաղաքական, հոգեւոր դերակատարումը կորցնում է»: Հետեւաբար, մեր զրուցակցի կարծիքով, ռուս գործընկերների հետ պետք է տարվեն շատ անկեղծ զրույցներ այն մտահոգությունների հարթության վրա, որոնք մենք ունենք: Այս իմաստով մեր զրուցակիցը դրական է համարում, որ այս թեմայի շուրջ ամենատարբեր մոտեցումներ կան, եւ, ըստ նրա, պետք էլ չէ որեւէ մեկին հայրենասիրության կամ հակառակում մեղադրել: Պարզապես պետք է հնարավորություն տալ, որ յուրաքանչյուրն արտահայտվի, ինչը հնարավորություն կտա ձեւավորելու հանրային կարծիք, հասարակական մոտեցում, ինչն էլ օգտակար կլինի քաղաքական ղեկավարությանը՝ կողմնորոշվելու տեսանկյունից: «Ես կարծում եմ, որ Հայաստանը կանգնած չէ ճակատագրական այլընտրանքի առջեւ: Ունենք առաջարկություն, որը պետք է ուսումնասիրել եւ հասկանալ՝ ի՞նչ կարող ենք դրանից շահել կամ չշահել»,- ամփոփում է մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ կուսակցական քննարկումների արդյունքում փոքր-ինչ սրբագրումներ կմտցնի իր մոտեցումներում: Անկախ հետագա զարգացումներից՝ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանը խնդիր չունի եւ Եվրոպական միության, եւ Եվրասիական միության հետ ռազմավարական դաշնակցության առումով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031