Սիրիահայ համայնքի գործարար հատվածը ներկայացնող Հովհաննես Խեթիմյանը մտադիր է իր բիզնեսը հիմնադրել նաև Հայաստանում: Այդ մասին «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:
Նրա խոսքերով, չնայած Հովհաննես Խեթիմյանի բիզնեսին արտերկրում ոչ մի վտանգ չի սպառնում, քանի որ գործարարը թեև բնակվում է Սիրիայում, բայց իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է Քաթարում, սակայն նախնական դիտարկումները նրան տրամադրել են լավատեսորեն և նա կարծում է, որ իր «Al Scwaid auto spare parts» ընկերության գործունեության համար ընդարձակ հնարավորություն կարող է ընձեռնվել նաև Հայաստանում:
«Սփյուռքահայ ձեռներեցը այժմ փորձում է ծանոթանալ Հայաստանում գործարարության համար ձևավորված իրավական դաշտին, բանկային համակարգին, աշխատաշուկայում մասնագիտական կադրերի առկա վիճակին, աշխատանքային և տնտեսական հարաբերությունները կարգավորող գործող մեխանիզմներին և էլի մի շարք հարցերի, որոնք էական դերակատարում ունեն Հայաստանում բիզնես հիմնադրելու և գործարարությամբ զբաղվելու համար»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց գործարարը:
«Ենթադրվում է, որ Սիրիայում ստեղծված քաղաքական իրավիճակը կարող է խթան հանդիսանալ, որ Սիրիայի քաղաքացի, ազգությամբ հայ շատ ձեռներեցներ կցանկանան իրենց բիզնեսը շարունակել նաև Հայրենիքում: Ահա թե ինչու ՀԳՀՄ համապատասխան մասնագետները պատրաստակամ են անհատույց խորհրդատվական ծառայություններ մատուցել դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: Հանդիպման ժամանակ սիրիահայ գործարարին մենք ընդհանուր գծերով տեղեկացրինք Հայաստանի հարկային համակարգը կարգավորող օրենսդրությանը, նշելով, որ այսօր երկրում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը պետության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն»,- ասաց ՀԳՀՄ գործադիր տնօրենը: