Ինչպես արդեն հաղորդել ենք, Ալանդյան կղզիների մայրաքաղաք Մարիեհամնում Ալանդների Խաղաղության ինստիտուտի կազմակերպած «Ձայներ խաղաղության համար» փառատոնին երեկ մասնակցեցին նաեւ երաժիշտներ Հայաստանից:
Մեր հարցին, թե խումբը հատուկ ստեղծվել էր այս փառատոնին մասնակցելո՞ւ համար, թե՞ ունեն համատեղ աշխատանքի փորձ՝ Միքայել Ոսկանյանը (թառ, սազ, բուզուկի, ուդ), որը ոչ միայն աշխատում է ժողգործիքների պետական նվագախմբում, այլ նաեւ ունի սեփական էթնիկ-ջազային խումբ, բազմաթիվ երաժշտական նախագծեր՝ պատմեց. «Այս կազմը, որով այստեղ ներկայացանք՝ հատուկ այս փառատոնին մասնակցելու նպատակով է ստեղծվել, բայց արդեն եղած ծրագրի հիման վրա: Տիգրան Այվազյանը (կիթառ) եւ Աշոտ Ոսկանյանը (կիթառ, կախոն), ներկայացնում են «Los Locos» ֆլամենկո խումբը: Ես էլ վերջին շրջանում շատ էի համագործակցում նրանց հետ: Համատեղ համերգներ, ընդհանուր ստեղծագործություններ… կարծես արդեն ներգրավված էի խմբում»:
Այս փառատոնին մասնակցելու համար խմբին միացել են նաեւ երաժիշտներ Արցախից՝ Կարեն Մկրտչյանը (վոկալ) եւ Արցախի պետական կամերային նվագախմբից՝ Անուշ Հարությունյանը (ջութակ): «Լինելով դասական երգիչ՝ երբեւէ չեմ ենթադրել, թե հանդես կգամ այս ոլորտում»,- մեր զրույցի ընթացքում ասաց Կարեն Մկրտչյանը: Դասական երաժշտության մեջ, իր ընկերների ներկայացմամբ, Կարեն Մկրտչյանը հասել է մեծ հաջողությունների:
Բացատրելով ֆլամենկոյի, ազգային նվագարանների, եւ դասական ջութակի համադրությունը, որով իրենք ներկայացան Ալանդներում՝ Տիգրան Այվազյանն ասաց. «Ողջ աշխարհում են նման փորձեր արվում՝ իրենց ժողովրդական մեղեդիները փորձելով մի փոքր այլ կերպ մատուցել՝ ջազի կամ դասական երաժշտության համադրությամբ: Ավանդական երաժշտությունը նույն կերպ ներկայացնելն արդեն այնքան էլ հետաքրքիր չէ՝ կարծես միայն մի գույն լինի, եւ ուրիշ ոչինչ»: Աշոտ Ոսկանյանը հավելեց. «Տիգրանի հետ միշտ փնտրել ենք նման «միքսեր»՝ աշխատել ենք դաշնակահարների, տարբեր երաժիշտների հետ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ փառատոնին մասնակցում էին նաեւ երաժիշտներ Ադրբեջանից: Մեր հարցին, թե ինչպես ընկալվեց այն, որ ադրբեջանցիների հետ հանդես են գալու նույն փառատոնի շրջանակներում՝ անգամ ԼՂՀ ներկայացուցիչներ Անուշ Հարությունյանը եւ Կարեն Մկրտչյանը պատասխանեցին, թե չի եղել որեւէ բացասական արձագանք: «Մեզ մոտ ի սկզբանե լարվածություն չի եղել եւ չկա: Մենք ազատ ենք եղել եւ պատրաստ էինք ադրբեջանցի երաժիշտների հետ նվագել առանց որեւէ կաշկանդվածության»,- ասաց Միքայել Ոսկանյանը: Փառատոնի ընթացքում նրանք համատեղ հանդես չեկան:
Ադրբեջանցի երաժիշտների մեջ էր Էմիլ Մամեդովը, որն իրոք առաջնակարգ ջազ դաշնակահար է: «Կուզենայինք նրա պես երաժշտի հետ նվագել,- ասաց Աշոտ Ոսկանյանը, որն, ի դեպ,ինքն էլ կիթառ է դասավանդում:- Տարբեր երաժիշտների հետ նվագելիս՝ միշտ նոր բաներ ես քաղում, անգամ եթե վատ երաժիշտ է»:
Ադրբեջանցիներն այս անգամ էլ թառն ու զուռնան ներկայացրին որպես իրենց ազգային նվագարաններ: Եվ նրանց կատարած մեղեդիների մեջ ներառված էր անգամ Շերամի երգերից մեկը: Մեր հարցին, թե ադրբեջանական երաժիշտների հետ շփումների ընթացքում եղա՞ն բանավեճեր, թե որ նվագարանը կամ մեղեդին ում է պատկանում՝ Միքայել Ոսկանյանը բացասաբար պատասխանեց. «Այդ առիթը չստեղծեցինք՝ գուցե եւ մտածված թե մեր, թե իրենց կողմից: Չառաջացավ բանավեճ, թե ում է պատկանում տվյալ գործիքը: Այսպես թե այնպես՝ ընդհանուր հայտարարի չէինք գա: Ես ասելու էի՝ թառը հայկական է, թթենի եւ այլն, իրենք ասելու էին՝ չէ, ադրբեջանական է, մյուսը, թե պարսկական ծագում ունի… Ինքս համոզված եմ, որ թառը հայկական է: Իրենց երաժիշտների մեծամասնությունը քանի որ ավելի տարիքով է, եւ ժամանակին շփվել են հայ երաժիշտների հետ՝ ավելի շատ հիշողություններ էին փոխանակում, հիշում մեր լավ երաժիշտներին, իրենց համագործակցությունը»:
Հայ երաժիշտները «Ձայներ խաղաղության համար» ծրագիրը գնահատեցին «միանշանակ հաջողված»:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Մարիեհամն