Այսօր Ալանդյան կղզիների մայրաքաղաք Մարիեհամնում սկսվեց Ալանդների Խաղաղության ինստիտուտի կազմակերպած «Ձայներ խաղաղության համար» փառատոնը, որի բացմանը մասնակցեցին նաեւ երաժիշտներ Հայաստանից ու Ադրբեջանից: Նրանք կատարումներով հանդես եկան ինչպես առանձին առանձին, այնպես էլ տեղացի երաժիշտների հետ: Բոլոր կատարումները հավասարապես ջերմությամբ ընդունվեցին հանդիսատեսների կողմից:
Փառատոնը ողջունելու էր եկել Ալանդների վարչապետ Կամիլլա Գյունելլը: Նշենք, որ Ֆինլանդիայի այս ինքնավար մարզն ունի 7 հոգանոց կառավարություն, որում ներկայացված են 4 կուսակցություններ: 3 նախարար կին է, 3 նախարար՝ տղամարդ: Եվ վարչապետը դարձյալ կին է: Կամիլլա Գյունելլը «Առավոտին» տված հարցազրույցում ասաց. «Խաղաղության ինստիտուտը եւ Ալանդների կառավարությունը շատ են աշխատում Ալանդյան կզիներ այցելած տարբեր խմբերի հետ: Վերջին 20 տարիների ընթացքում շուրջ 300 խմբեր են եկել ողջ աշխարհից՝ մարդիկ, որոնք գալիս են հանգիստ պայմաններում քննարկելու իրենց մոտ ստեղծված վիճակը, ուսումնասիրում, գուցե ոգեշնչվում Ալանդների օրինակով ու փորձում գտնել լուծումներ իրենց հայրենիքում»:
Կամիլա Գյունելլը դրվատանքով արտահայտվեց հնչած մեղեդիների մասին: Նշենք, որ մեր զրույցի ընթացքում հայ երաժիշտները երգում էին «Հով արեք, սարեր ջան»: Եվ Ալանդների վարչապետն ասաց. «Սա առանձնահատուկ երաժշտություն է: Ամեն օր նման բան չես լսի: Եվ սա շատ հաճելի է լսելը»:
Ալանդների վարչապետը ներկա գտնվեց միայն հայ երաժիշտների կատարման ընթացքում, ու հետո հեռացավ հեծանիվով:
Կարդացեք նաև
Երիտասարդ երաժիշտներին, որոնք Ալանդներում ներկայացրին հայկական մշակույթը՝ կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Մարիեհամն