Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 6 թեկնածու:
Սպասվածին հակառակ` վերջին 1 ու կես ժամվա ընթացքում իր փաստաթղթերն է ներկայացրել նաև Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ով նույնպես ՀՀԿ-ական է, ԱԺ ընտրությունների ժամանակ գլխավորել է այս կուսակցության աշխատանքները: Փաստորեն Արթիկում մրցելու են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրեն, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով Հմայակ Աբրահամյանի օրոք աշխատել է որպես փոխքաղաքապետ, հարկայինի նախկին աշխատակից, դաշնակացական Մեսրոպ Բզնունին, և ևս երկու ՀՀԿ-ականներ` Արթիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանն ու մարզահամալիր տնօրեն Հովակիմ Երիցյանը:
Արթիկում ինտրիգային ընտրապայքար է սպասվում, արթիկցիների ասելով, հիմնական պայքարը կընթանա նախկին ու ներկա քաղաքապետերի միջև: Քանի որ 6 թեկնածուներից 4-ը ՀՀԿ-ականներ են , մենք Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նրանից ո՞ր մեկին է սատարում կուսակցությունը: Ըստ ՀՀԿ պատասխանատուի, դեռ պարզ չէ. քանի որ կուսակցությունը ոչ մեկին չի առաջադրել, նրանք ինքնառաջադրվել են, հետևաբար և ժողով կհրավիրեն ու այս հարցը կքննարկեն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև