Այսօր կեսօրից Գյումրու բոլոր լրագրողները հավաքվել էին թիվ 34 ընտրատարածքային ընտրական ընտրական հանձնաժողովի դիմաց ` անհամբեր սպասելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջադրմանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 18.00-ին լրանում էր առաջադրումներ կատարելու ժամանակը: Ի սկզբանե լրագրողներին տեղեկություններին էին հասել այն մասին, որ քաղաքապետը ուղիղ ժամը 17.00-ին կներկայանա հանձնաժողով ու կներկայացնի իր փաստաթղթերը, սակայն նա հիասթափեցրեց իրեն սպասողներին` ցույց տալով որ հլու-հնազանդ ենթարկվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգին: Նշենք, որ լրագրողներից բացի այստեղ պարբերաբար տարբեր մարդիկ էին հայտնվում, այդ թվում և անցորդներ`հարցնելով «հը՞, Վարդանը չերևա՞ ց»:
Վարդան Ղուկասյանի չառաջադրվելու փաստը իրոք տխրեցրեց լրագրողներից շատերին, ովքեր դժգոհեցին, որ առանց նրա Գյումրիում միօրինակ ու բովանդակազուրկ ընտրապայքար կսպասվի: Այսպիսով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 5 թեկնածուներ, իսկ ավագանու 21 տեղերի համար` 72:
Նշենք, որ Գյումրու քաղաքապետի թեկնածուներից մի քանիսին ոչ մեկը չի ճանաչում: Այս պաշտոնին հավակնում են ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, թոշակառու Սպարտակ Պետրոսյանը, ով եղել է Լենինականի Շիրակի շրջկոմի 1-ին քարտուղարը, 34-ամյա Անդրանիկ Ավետիսյանը, ով թեև գործազուրկ է ձևակերպվել, սակայն իրականում անհատ ձեռներեց է, և թարգմանիչ Ռաֆայել Ասատրյանը: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ նախկինում ավագանու նման թիվ չեն ունեցել, նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդամենը 54-ն են առաջադրվել, իսկ հիմա 72, թեև նշենք, որ ավագանու նախկին 15 տեղերն այժմ ավելացել են` դառնալով 21:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև