Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանը ոստիկանության պետական պահպանության վարչության չարաշահումներ է բացահայտում

Օգոստոս 10,2012 19:52

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը ոստիկանությունից պահանջում է իր արտաժամյա աշխատանքի 2,5 միլիոն դրամ հավելավճարները, ինչի համար անգամ ՀՀ ոստիկանության շենքի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել, ինքնահրկիզման փորձ կատարել, հացադուլ հայտարարել, նամակ էր ուղղել ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը եւ փաստեր ներկայացրել` թե ինչ չարաշահումներ են տեղի ունեցել ոստիկանության պետական պահպանության վարչությունում: Սակայն, նախկին ոստիկանի դիմում նամակին ընթացք չեն տվել:

Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանը վստահեցրեց, որ այսօր հանդիպել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանի հետ եւ կրկին ներկայացրել պետկան պահպանության վարչության կողմից կատարված չարաշահումները. «Ես ասացի, որ եթե խնդրով չզբաղվեն, ես հատ-հատ նշելու եմ, թե ինչ են արել ու նամակ ուղարկեմ ՀՀ նախագահին ու բոլոր լրատվամիջոցներին: Գնդապետ Հակոբյանն էլ ինձ ասաց մի քիչ սպասեմ, ինքը այս 2 օրը կհանդիպի ոստիկանապետի հետ, կզեկուցի ինչն` ինչոց է, որից հետո կտեսնենք` ինչ կարելի է անել»:

Նշենք, որ օգոստոսի 1-ին էլ, երբ նախկին ոստիկանը կրկին բողոքի ակցիա էր կազմակերպել, ոստիկանությունը նրան մի կերպ համոզել է դադարեցնել ակցիան` հորդորելով դատարան դիմել, իսկ ոստիկանությունն այդ հարցում նրան կօգնի: Մխիթար Ալումյանն էլ հենց դադարեցրեց իր բողոքի ակցիան, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ Ալումյանին 5000 դոլար գումար է տրվել`որպես օգնություն: Մինչդեռ Մխիթար Ալումյանը վստահեցրեց, որ իր հավելավճարներն ընդհանուր առմամբ կազմել են մոտ 4,5 միլիոն դրամ, որից վճարել են 5000 դոլարը եւ դրա դիմաց տրված ստացականի վրա գրված է` հավելավճար. «Բայց էդ ստացականն իրենց մոտ է, որ ինչ կուզեն կասեն էլի»:

Մեր այն հարցին էլ, թե կոնկրետ ի՞նչ չարաշահումներն է ներկայացրել Ալումյանը ներքին անվտանգության վարչությանը, նախկին ոստիկանը մի օրինակ բերեց. «Մեր վարչությունում` պետական պահպանության, գրանցված աշխատողներ կան, որոնք ոչ մի օր չեն աշխատել, բայց իրենց աշխատավարձերն ու պրեմյաները վարչության շեֆերն են ստացել: Մարդ կա, ՋԷԿ-ում ա աշխատում, ու նենց գործ ա, որ իրավունք չունի մի րոպե աշխատավայրից բացակայել, քանի որ սարքավորումների է հետեւում: Բայց այդ մարդը մեր վարչությունում գրանցված աշխատող է, ու նա չի կարող իր գործը թողել ու 10 կիլոմետր հեռու տեղ նույն ժամին գնալ ու պահպանության գործ անել: Ինչո՞ւ չեն ուսումնասիրում այդ գործերը: Ես ասել եմ, եթե պետական պահպանության վարչության պետ Ռոման Մկրտումյանը շարունակի ուրանալ իմ աշխատանքն ու հավելավճարները, ես այդ բոլոր փաստերը կտրամադրեմ լրագրողներին ու ՀՀ նախագահին, տեսնեմ ի՞նչ է ասելու: Ես Մկրտումյանին էլ էի նամակ էի ուղարկել, որտեղ նշել եմ, որ կեղծ հայտարարություն է անում, իբր ես գումարը ստացել եմ, դա օգնություն է եւ այլն: Բա թող գար իմ ցույցի ժամանակ նախարարության մոտ լրագրողների ներկայությամբ ասեր, որ ես ուտող ուրացող եմ, ոչ թե ինձ համոզեն` տուն ուղարկեն, ու հետո հետեւիցս հերքեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031