Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Կապանի խմելու ջրի հարցը

Օգոստոս 10,2012 19:32

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը այցելել է Կապան` ծանոթացել  մարզկենտրոնի խմելու ջրի շուրջ վերջերս սուր հնչեղություն ստացած խնդրին, որը պայամնավորված էր «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ կողմից իրականացվող հետախուզական աշխատանքներով, տեղում ուսումնասիրել է  իրադրությունը  եւ գնահատել առկա իրավիճակը:

Ըստ նրա` «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ ներկայիս գործունեությունը ոչ մի վտանգ չի սպառնում քաղաքի խմելու ջրին, իսկ հետագայում հնարավոր վտանգի ռիսկը կանխելու եւ իրենց ընկերության շահերը  պաշտպանելու համար «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը ուսումնասիրություններ իրականացնող ընկերության հետ նախատեսում է կնքել փոխըմբռնման համաձայնագիր, որով տվյալ կազմակերպությունը հետագայում կպարտավորվի իրականացնելու ջրմուղի առաջադրած պահանջները: Ընկերության կողմից ներկայումս տարվող  աշխատանքները խմելու ջրի պղտորման հետ որեւէ կապ չունեն, քաղաքը սնուցող ջրի պղտորման հիմնական պատճառն էլ համարվում են տեղացած հորդառատ անձրեւները:  Այս մասին նշել է ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը` մարզկենտրոնի բնակչությանը մտահոգող  խնդրի շուրջ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հետ քաղաքապետարանում կայացած հանդիպման  ժամանակ:

«Տեղում պարզվեց, որ մոտակա 2 տարում տվյալ ընկերությունը նախատեսում է զուտ հետազոտական աշխատանքներ միայն  ու դա ջրի համար ռեալ վտանգ չի պարունակում, իսկ եթե 2 տարուց հետո  հանքի շահագործման հարց առաջանա ու աղտոտման ռեալ  խնդիրը ի հայտ գա, ապա մենք ջրի շահերը պաշտպանելու համար նախատեսում ենք  կնքել փոխըմբռնման համաձայնագիր, որի համաձայն` աղտոտումից խուսափելու նպատակով տեխնիկական համակարգի ձեւափոխություն անելու մեր առաջադրած պահանջները հետագայում նրանք կպարտավորվեն իրականացնել:  Մասնավորպես` հիմիկվա գետային ջրընդունիչի կառույցի տեղափոխում եւ մեկ այլ լրացուցիչ աղբյուրից միացում տալը, որը կօգնի հնարավոր աղտոտումից խուսափել: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերական այդ կազմակերպությանը, մենք նրանց տրված լիցենզիայի հետ որեւէ կապ չունենք եւ  ներգրաված չենք լիցենզիայի տրամադրման գործունեության մեջ, իսկ լիզենզիա տվող բնաապահպանության կամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը անդորագրի թույլատվությունը տալիս մոռացել է երեւի մեր ընկերության մասին: Քանի որ ներկայումս աղտոտման վտանգ չկա, այս պահին ոչ մի պատճառ չունենք դադարեցնելու ու չթույլատրելու նրանց աշխատանքնր տանել այդտեղ: Ես ոչ մի քաղաքական ուժերի հետ կապ չունեմ, սա ասում եմ` հաշվի առնելով  ներկայիս ռեալ պատկերը եւ գտնում եմ, որ իրավիճակն արդարացիորեն պետք է գնահատենք»,- պարզաբանել է Պատրիկ Լորենը:

Իսկ Կապանի քաղաքապետը հանդիպման ժամանակ  նշել է, որ պետք է հիմիկվանից կանխել հետագա վտանգը, քանի որ հետագայում ի՞նչ երաշխիք կա, որ խմելու ջրին վտանգ չի սպառնալու: «Առաջնահերթ Կապանի բնակչության շահերը պետք է պաշտպանել: Ես առաջարկում եմ, որպեսզի ջրամատակակար ընկերությունը հանդես գա նախաձեռնությամբ, համապատասխան փորձաքննական եզրակացություններով հանդերձ Կապան քաղաքում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, ՀԿ-ների ու բնակիչների հետ համատեղ հանդիպում կազմակերպի եւ քննարկի խնդիրը Կապանի հանրության հետ», – ասել է քաղաքապետը եւ անդրադարձել նաեւ խնդրահարույց մյուս հարցերին: Մասնավորպես`  մարզկենտրոնում հաճախակի տեղի ունեցող ջրագծի վթարներին, որոնք ամիսներ շարունակ չեն վերացվում եւ բնակչության դժգոհությունն են հարուցում, ջրագրաֆիկի շեղումներին եւ այլն:

Պատրիկ Լորենը տեղեկացրել է, որ Կապանում սեպտեմբերին հասարակական լսում է կազմակերպվելու, որի օրակարգում կլինեն ջրամատակարարման ոլորտին առնչվող մի շարք հարցեր ու իրականացվելիք տարբեր ծրագրեր: Մասնավորապես նախատեսվում է մասնակի վերանորոգել մաքրման կայանը,  իսկ առաջիկա 6-7 տարիների ընթացքում ընկերությունը նպատակ ունի Կապանի խմելու ջրի մատակարարումն ապահովել ստորգետնյա աղբյուրների ջրերի հաշվին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031