Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԸ ՄԵՐՆ Է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնությունը հաստատեց իր վարքականոնը

Օգոստոս 10,2012 19:21

Օգոստոսի 9-ին «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 14-րդ ժողովում վերջնամշակումից հետո հաստատվեց նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուի եւ ավագանու անդամի Վարքականոնը, իսկ թեկնածություն առաջադրող 7 անդամները, ստորագրելով այն, որոշակի բարոյական պարտավորություններ ստանձնեցին ընտրողների եւ բոլոր գյումրեցիների առաջ:

Այս փաստաթուղթը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարոյական սկզբունքներ է սահմանում համայնքային իշխանության կարեւոր հաստատության` Ավագանու անդամի համար, որոնք ուղղված են ընտրապայքարի մրցակցությունը բարեխիղճ դարձնելուն, հասարակական վստահության քվեի չարաշահման եւ դիրքի չարաշահման դեմ, կոռուպցիայի ռիսկերի նվազեցմանն այս ոլորտում եւ շահերի բախման առավելագույն բացառմանը: Մասնավորաբար, ըստ այս Վարքականոնի, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կողմից ավագանու անդամ դարձած անձինք բացառելու են իրենց կամ իրենց մերձավոր ազգականներից որեւէ մեկին ամբողջությամբ կամ մասնակիիորեն պատկանող որեւէ կազմակերպության մասնակցությունը համայնքային բյուջեի միջոցներով գնումների եւ ծրագրերի իրականացման մրցույթներին, նույն խմբերը որեւէ ֆինանսական կամ այլ օժանդակություն չեն հավակնելու համայնքային բյուջեից, իսկ համայնքային գործադիր մի շարք պաշտոնյաների (քաղաքապետ, տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժինների պետեր) հետ անմիջական ազգակցական կապի ձեւավորման դեպքում հրաժարվելու են ավագանու անդամի կարգավիճակից եւ այլն: Վարքականոնը բաղկացած է 2 գլուխներից եւ 30 կետից: Այս վարքականոնի նորմերի հսկողությունն իրականացնելու է մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը` օգոստոսի 22-ը ստեղծվելիք Էթիկայի հանձնաժողովը, որն ուսումնասիրելու հնարավոր բողոքները վարքականոնը ստորագրած 7 թեկնածուների վարքի վերաբերյալ ու համապատասխան եզրակացություններ է ներկայացնելու ինչպես քաղաքացիական նախաձեռնության ժողովին, այնպես էլ հանրությանը:

Վարքականոնի սկզբունքներին ամբողջությամբ կամ մասնակիորեն միանալու, կամ իրենց դիրքորոշումը հայտնելու, կամ համանման սկզբունքներ մշակելու առաջարկությամբ «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը դիմելու է Գյումրու ավագանու անդամության մյուս բոլոր թեկնածուներին եւ հրապարակելու է բոլոր արձագանքները:

Օգոստոսի 10-ին ամբողջացավ նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուների կազմը: «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից առաջադրման վերջին օրը համապատասխան փաստաթղթերը թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացրին 7 հոգի. Լեւոն Բարսեղյան, Արտաշես Բոյաջյան, Վահան Թումասյան, Կարինե Մկրտչյան, Գեւորգ Պետրոսյան, Կարեն Պետրոսյան, Կարեն Տերտերյան: Այս մարդիկ ծնունդով գյումրեցիներ են, երբեք իշխանություն չեն եղել, զբաղված են հասարակական, գիտական եւ գործարար ոլորտներում, նրանցից երեքը գիտությունների թեկնածուներ են, բոլորը, բացառությամբ մեկի, տիրապետում են առնվազն երեք լեզվի, հայտնի եւ ճանաչված են Գյումրիում, կուսակցական է մեկը, տարեցը` 48 տարեկան է, ամենաերիտասարդը` 31, թիմի միջին տարիքը` 39:
Գյումրիում ավագանու անդամության համար առաջադրվեց 72 հոգի, իսկ քաղաքապետի պաշտոնի համար` 5 հոգի, գործող քաղաքապետը չառաջադրվեց:

 

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031