Aravot.am-ի հետ զրույցում իրավաբան Մարիաննա Եղիազարյանը մի քանի տիպական օրինակներ բերեց, որոնց պատճառով ամուսինները դիմում են ամուսնալուծության:
Մ. Եղիազարյանը պատմեց. «Ինձ դիմում են հիմնականում մինչև 30 տարեկան կանայք և 30 -40 տարեկան տղամարդիկ: Այստեղ կարևոր է նշել, որ ոչ մի ամուսնալուծության դեպք մյուսին նման չէ: Ամեն զույգի հետ յուրովի աշխատանք և մոտեցում է անհրաժեշտ: Ամուսնալուծությունների գործերով զբաղվող իրավաբանը նաև պետք է հոգեբան լինի, քանի որ մարդիկ հիմնականում իրավաբանին դիմում են շիկացած վիճակում: Զույգերը գիտակցաբար չեն ուզում անել այդ քայլը, չեն ուզում դիմացինին զրկել հայրական կամ մայրական իրավունքից, ուղղակի բորբոքված են լինում: Իսկ եթե, կոպիտ ասած, իրավաբանը օգտվի առիթից և սրի իրավիճակը, կարող է դաժան պատկեր գրանցվել, մանավանդ, եթե ամուսնալուծվող ընտանիքում երեխաներ կան»:
Անդրադառնալով մասնավոր օրինակների՝ Մ. Եղիազարյանը նշեց. «Կանանց՝ ամուսնալուծության քայլին գնալու դեպքերում հիմնական պատճառը ընտանեկան բռնությունն է: Կանայք հատկապես դիմում են այդ քայլին այն ժամանակ, երբ բռնության ականատեսն է լինում երեխան: Ունեցել եմ դեպք, երբ ամուսնուց բացի սկեսուրն էլ է բռնություն կիրառել հարսի նկատմամբ, նրան ծեծել: Մեկ այլ դեպք եմ ունեցել, երբ ամուսինները 15 տարի ապրել են միասին, կինը բռնությունը 15 տարի հանդուրժել է, բայց այլևս չի դիմացել: Մի անգամ էլ մի հասուն տարիքի կին էր եկել ինձ մոտ՝ ամուսնալուծվելու ցանկությամբ: Նա ուներ երկու դուստր, որոնց ամուսնացրել էր: Նրան խոսքով հիմա ինքը կարող է ամուսնալուծվել, քանի որ դուստրերի բախտին չի սպառնում, քանի որ կարծրատիպ է, որ ամուսնալուծված կնոջ դուստրերը հնարավոր է ամուսնության հարցում խնդիրներ ունենան»:
Խոսելով այն մասին, թե ինչն է տղամարդուն հասցնում ամուսնալուծության, մեր զրուցակիցը նշեց. «Բոլոր դեպքերում պատճառն այն է, որ կինը չի հասկանում իր ամուսնուն: Դա անգամ վիրավորում է տղամարդկանց: Գերակշռող են ֆինանսական խնդիրները, երբ տղամարդիկ գործերում անհաջողություններ են ունենում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ