Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացավ Երիտասարդական ակումբների (FYCA) համաժողովը: FYCA-ի նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով, երիտասարդական ակումբները երիտասարդների խմբեր են, ովքեր ցանկանում են իրականացնել ծրագրեր: Իր կարծիքով, ծրագրերի իրականացման ընթացքում երիտասարդները չպետք է ունենան որեւէ սահամանափակում. «Օրինակ` Եվրոպական երկրներում պարդադիր չէ, որ կառույցը գրանցված լինի որպես հասարակական կազմակերպություն: Առանց որեւէ սահմանափակումների` պետք է թողենք, որպեսզի նրանք իրականացնեն ցանկացած ծրագիր: Շատ կարեւոր է երիտասարդների շփումը միմյանց հետ: Դրա համար էլ կազմակերպեցինք այս համաժողովը»:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն երիտասարդներին հուզող խնդիրները եւ կփորձեն գտնել դրանց լուծումներ: Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության ներկայացուցիչ Վերոնիկա Բաղդասրյանը հուսով է, որ կգտնվեն խնդիրները եւ կտրվեն լուծումներ:
Աստղիկ Ավետիսյանը, ով միշտ գտնվել է FYCA-ի կողքին, այս համաժողովին նոր դեմքեր է հանդիպել, ինչի համար շատ ուրախ է. «Ցանկանում եմ, որ աշխատանքի վերցնելիս առաջին հերթին հաշվի առնվի նրանց հասարակական գործունեությունը»,- ասաց նա:
«Հայասա» հասարակական կազմակերպությունը նույնպես մասնակցում էր համաժողովին: Հիմնադիր Սուրեն Մկրտչյանի խոսքով, այն ստեղծվել է ազգային փոքրամասնությունների երիտասարդների համախմբման համար, FYCA-ի կազմակերպած համաժողովին առաջին անգամ չեն մասնակցում. «Համաժողովի ընթացքում մենք բարձրացնելու ենք ազգային փոքրամասնությունների երիտասարդների խնդիրը. կա հասարակության մի ստվար զանգված, ովքեր ազգային փոքրամասնությունը խառնում է սեռական փոքրամասնության հետ: Նման երիտասարդների համար դժվար է լինում հասարակության մեջ ինտեգրումը: Մենք առաջարկելու ենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններ իրենց մոտ վերցնեն ազգային փոքրամասնություն համարվող երիտասարդների, որպեսզի լուծվի մեզ անհանգստացնող խնդիրը»,- ասաց Սուրեն Մկրտչյանը:
Արամ Արարատյան