Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականը կոչ է անում պաշտպանել սիրիահայերին

Օգոստոս 10,2012 16:35

Ֆլորիդայից ընտրված հանրապետական կոնգրեսական Գաս Բիլիրակիսը կոչ է անում պաշտոնական Վաշինգտոնին արտաքին քաղաքական առաջնահերթություն դարձնել Սիրիայում բնակվող քրիստոնյաների` այդ թվում հայերի պաշտպանությունը: Այս նպատակով Ներկայացուցիչների տան անդամը հատուկ բանաձեւ է մշակել, որը Կապիտոլիումում շրջանառության մեջ կդրվի հաջորդ ամիս:

«Կարծում եմ, որ այստեղ` Միացյալ Նահանգներում, մենք պարտավորություն ունենք, եւ ես շարունակում եմ խոսել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների, ինչու չէ` բոլոր կրոնական փոքրամասնությունների անունից: Կարծում եմ, որ ապագայում այս հարցը պետք է նախապայման դառնա սիրիական կառավարության առջեւ, որպեսզի այն ամբողջության կատարի իր պարտավորությունները` պաշտպանելով կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Մենք գիտենք, որ Ասադն ի վերջո հեռանալու է, նրա վարչակազմը կոռումպացված է, աջակցում է ահաբեկիչներին` մասնավորաբար «Հըզբոլա» շարժմանը: Բայց ինչ կառավարություն էլ զբաղեցնի նրա տեղը` մենք պետք է համոզված լինենք, որ Սահմանադրության մեջ ընդգրկվելու են կրոնի, խոսքի եւ արտահայտվելու ազատությունները երաշխավորող դրույթները», – նշել է հանրապետական կոնգրեսականը «Ազատություն» ռադիոկայանի վաշինգտոնյան գրասենյակին տված հարցազրույցում:

Բիլիրակիսը նաեւ պնդում է, որ Միացյալ Նահանգները պետք է լրջորեն զբաղվի սիրիահայերի առջեւ ծառացած խնդիրներով:

«Ես միշտ ակտիվորեն աջակցել եմ հայերին, եղել եմ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված այն բանաձեւի համահեղինակներից մեկը, որում հստակ նշվում էր, որ Ցեղասպանություն եղել է: Ես ինքս հունական ծագում ունեմ եւ շատ լավ տեղյակ եմ, թե այդ հրաշալի մարդիկ ինչպիսի դժվարությունների միջով են անցել: Ես ցանկանում եմ պաշտպանել կրոնական բոլոր փոքրամասնություններին: Որպես Ներկայացուցիչների պալատի անդամ` դա իմ պարտականությունն է», – նշում է Բիլիրակիսը:

Ինչ վերաբերում է բուն բանաձեւին, ապա հանրապետական կոնգրեսականը հույս ունի, որ այն կընդունվի ոչ միայն Ներկայացուցիչների պալատում. – «Մենք աշխատելու ենք նաեւ Սենատի անդամների հետ: Այստեղ բարեկամներ ունենք, որոնք եւս մտահոգված են խնդրով: Այնպես որ, մենք կցանկանայինք, որ բանաձեւին միանար նաեւ Սենատը: Փաստաթուղթը շրջանառության մեջ կդրվի սեպտեմբերին, ու թեեւ այն պարտադիր ուժ չունի, բայցեւայնպես հստակ ուղերձ է իրենից ներկայացնում, եւ մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Պետքարտուղարությունն ամեն ինչ անում է կրոնական ազատությունները պաշտպանելու ուղղությամբ»:

Կոնգրեսականի  խոսքով` Միացյալ Նահանգները պետք է նաեւ հստակ ճնշում գործադրի ոչ միայն սիրիացի քրիստոնյաների իրավունքների պաշտպանության, այլեւ կրոնական այդ խմբի դերակատարությունը բարձրացնելու համար:

«Մենք կուզեինք վստահ լինել, որ [սիրիական ընդդիմության] Ազգային խորհրդում ներկայացված կլինեն քրիստոնյաները, ինչպես նաեւ կրոնական մյուս բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները: Դա պետք է մեր առաջնահերթությունը դառնա», – նշում է Բիլիրակիսը` կոչ անելով հարկ եղած դեպքում նաեւ հստակ տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Հանրապետական կոնգրեսականի խոսքով` Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության գործում այդ մեթոդն արդեն իսկ կիրառվել է:

«Ես եւ Կոնգրեսի մի շարք այլ անդամներ սահմանափակումներ նախաձեռնեցինք Եգիպտոսին հատկացվող ամերիկյան ֆինանսական օգնության հարցում: Դուք գիտեք, որ Եգիպտոսը տարեկան 1 միլիարդ 600 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն է ստանում: Այնպես որ, պետք է լինեն նաեւ սահմանափակումներ», – նշում է Ներկայացուցիչների պալատի անդամ, Ֆլորիդայից ընտրված հանրապետական Գաս Բիլիրակիսը:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031