Իջեւանի կենտրոնում, Շատրվանների հրապարակում գտնվող շենքի պատն աղտոտված է նախընտրական հին պաստառներից: Մի քանի տարվա հնություն ունեցող, արեւից ու անձրեւից խունացած մի պաստառ էլ ազդարարում է , որ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ է: Ինչպե՞ս կարող է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը պաշտպանել հաշմանդամների իրավունքները, եթե պաստառի վրա «իրավունքներ» բառը գրված է սխալով`«իրավուքներ»: Նույն տեղում խախտվել են Լեդի Դիանայի ժառանգների իրավունքները: Գեղեցկության սրահի դեղին, տգեղ ցուցանակի վրա վաղամեռիկ գեղեցիկ տիկնոջ անունը հայերեն սխալ է գրված` «Դիաննա»: Կարծում ենք, որ ավտովթարից (այլ տվյալներով` հատուկ ծառայությունների դավադրությունից) զոհված Դիանայի անունը շահույթ ստանալու նպատակով օգտագործելը, առանց նրա ժառանգների թույլտվության, օրենքի խախտում է:
Ոսկան Սարգսյան