Միայն 2011 թվականին Լոռու մարզում քաղաքաշինության բնագավառում շուրջ 15 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվել, որից մոտ 11 միլիարդ դրամը ներդրման ձեւով կատարվել է պետական բյուջեից:
«Սա աննախադեպ երեւույթ է, անկախությունից սկսած մենք երբեք նման ներդրման ծավալ չենք ունեցել պետական բյուջեի հաստատմամբ»,-Շինարարների օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Կարդացեք նաև
Շնորհավորելով մարզի շնարարներին մասնագիտական տոնի առիթով` մարզպետ Նալբանդյանը նշեց, որ մեծ է շինարարի դերը մարզի զարգացման գործում:
«Շնորհավորում եմ բոլորիդ: Թեեւ կանցնեն տարիներ, բայց Ձեր արած աշխատանքը մնալու է եւ մենք բոլորս հիշելու ենք, թե ով է եղել տվյալ կառույցի շինարարը: Որակով է լինելու` գովելու են, անորակ է լինելու` մեզ ինչ ասես ասելու են, չեն խնայելու: Դրա համար ես համոզված եմ, որ այն շինարարները, ովքեր այսօր մարզում իրականացնում են շինարարական աշխատանքներ, էլ ավելի կբարձրացնեն իրենց աշխատանքների որակը, որպեսզի ոչ միայն բնակչությունը գոհ լինի, այլեւ մենք ինքներս»,-ասաց նա:
Արթուր Նալբանդյանի խոսքերով այսուհետ մարզի ղեկավարությունը փորձելու է համագործակցել բոլոր շինարարների հետ` այդկերպ բարձրացնելով համագործակցության մակարդակն ու որակը:
«Մենք փորձելու ենք Ձեզ հետ միասին բոլորին համոզել որ մեր ազգը հասկանում է շինարարությունից»,-ասաց մարզպետը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ լոռեցի շինարարներին հանձնվեցին պատվոգրեր, ինչպես նաեւ Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց շինարար Միհրան Սիսակյանը` քաղաքաշինության բնագավառում ունեցած մեծ ավանդի, լոռու մարզի քաղաքաշինության զարգացման գործում նշանակալից մասնակցության համար:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր