«Հայաստանում ամուսնալուծությունների թիվը նկատելի է դարձել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց հոգեբան Մարիամ Մելքոնյանը: Նա նաև հավելեց. «Սկսել է ձևավորվել հոգեբանին դիմելու մշակույթը: Բայց կարելի է ասել, որ կանայք են զբաղվում այսպես կոչված ընտանեկան հիգիենայով»:
Ա. Մելքոնյանը նշեց, որ որպես կանոն ամուսնալուծվում են այն զույգերը, ովքեր պատանեկան տարիքում տրվել են զգացմունքներին: Ինչպես նաև ամուսնալուծության պատճառ հաճախ դառնում է կնոջ ապրելակերպի նկատմամբ ամուսնու վերաբերմունքը, ով կարող է դեմ լինել կնոջ աշխատելուն և այլն:
Հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում նաև սեռական անհամատեղելիությունը, այն, որ զույգերը չեն հասկանում, թե ինչ է ուզում մյուս կողմը և այլն: Իրավաբան Մարիաննա Եղիազարյանն էլ նշեց. «Հետաքրքրիր է, որ ըստ վիճակագրության հիմնականում ամուսնալուծվում են 20 և ավելի տարի միասին ապրած զույգերը: Երկրորդ տեղում են 1-4 տարի համատեղ կյանք ունեցողները»:
Կարդացեք նաև
Ըստ Մ. Եղիազարյանի՝ աղանդները ևս պատճառ են դառնում ընտանիքների քայքայման: Նա մանրամասնեց. «Դեպք է եղել, երբ ամուսինը վերադարձել է տուն և տեսել, որ բոլոր սենյակների պատերին կինը փակցրել է ինքնատիրապետում բառը, երեխաներին էլ իր հետ աղանդի դասերի է տարել»: Իրավաբանը ցավով նշեց, որ հայ կանանց մեծամասնությունը ամուսնալուծվում է, հետո գալիս իրավաբանի մոտ: Նա հավելեց. «Ցանկանում են իրենց իրավունքները ճշտել, իսկ ամենավատն այն է, որ երեխաներն էլ իրավունք չունեն»: Ըստ իրավաբանի՝ Վրաստանում և Ադրբեջանում միայնակ կանայք ավելի պաշտպանված են, քան ՀՀ-ում: Հոգեբանն էլ, տեղեկացրեց, որ հայ կինն ու հայ տղամարդը ընտանիքի համար պայքարում են միաժամանակ, բայց ցավոք տարբեր ձևերով: Ամուսնալուծվել ցանկացող զույգերին հոգեբանները խորհուրդ են տալիս կրկին ժամադրություններ կազմակերպել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ