Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ադրբեջանական փոխանակված գյուղերի հետագիծը

Օգոստոս 10,2012 15:11

Ադրբեջանցին ցուցադրում է, որ հայկական գերեզման անխաթար է. կադր ֆիլմից

Ալանդյան կղզիներում տեղի ունեցող «Ձայներ խաղաղության համար» փառատոնի մասնակիցների համար ցուցադրվեց Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Սեդա Մուրադյանի «Տնից տուն» վավերագրական կինոնկարը:

Հիշեցնենք, 2008 թվականին նկարահանված այս կինոնկարը ադրբեջանական Քերքենջ և հայկական Ձյունաշող գյուղերի մասին է: Դրանց բնակիչները փոխանակել էին գյուղերը Սումգայիթի իրադարձություններից հետո՝ 1989 թվականին, խոստանալով միմյանց պահպանել առկա գերեզմանները: Եվ անգամ հայ-ադրբեջանական հակամարտության տարիների ընթացքում նրանք պահպանում են տրված խոստումը՝ միմյանց ուղարկելով տեսաերիզներ, թե ինչ վիճակում են գերեզմանները: Ահա կադրեր ֆիլմից, որոնք ի մի է բերել Օնիկ Կրիկորյանը:

2008 թվականից հետո այս կինոնկարը բազմիցս ցուցադրվել է նաեւ այնպիսի միջոցառումների ընթացքում, որոնց ներկա են եղել հակամարտող կողմերի ներկայացուցիչները: Մեր հարցին, թե ինչպիսին են եղել ադրբեջանցիների արձագանքները՝ Սեդա Մուրադյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ ցուցադրությունից հետո բոլորի ներկայությամբ չեն արտահայտվել՝ առանձին-առանձին մոտեցել են, եւ ամենաշատ հնչող գնահատականն է եղել՝ ինչ մարդկային ֆիլմ էր: Եվ շատ քիչ դեպքեր են եղել, որ երկու կողմից էլ թերահավատ վերաբերմունք լինի, թե արդյոք իրականում պահպանվո՞ւմ են այդ գերեզմանոցները, թե ոչ: Հիմնականում նկատել եմ, որ հատկապես Ադրբեջանից ներկայացուցիչները շատ զարմացած են դիտում ֆիլմը: Երեւի թե այն կերպարը, որ իրենց մեջ կա հայերի վերաբերյալ՝ ճաքեր է տալիս»: Նույն արձագանքները՝ մարդկային ֆիլմի վերաբերյալ, եղան նաեւ այժմ, Ալանդներում:

Մեր խնդրանքով անդրադառնալով կինոնկարի նկարահանումից հետո անցած տարիներին տեղի ունեցած զարգացումներին եւ մասնավորապես՝ արդյոք մինչ այժմ էլ պահպանվո՞ւմ է նախնիների հիշատակը չպղծելու խոստումը, Սեդա Մուրադյանը պատմեց, որ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հետ համագործակցող լրագրողներից մեկը մի քանի շաբաթ առաջ է եղել Ձյունաշողում, եւ տեսել՝ գերեզմանները նույն վիճակում են:

Փոխարենը պակաս սերտ են դարձել մարդկանց միջեւ կապերը՝ ոչ միայն Վրաստանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման հետեւանքով, ինչը դժվարացրել է անցուդարձը, այլ նաեւ հետեւյալ պատճառով. «Գյուղը դատարկվում է: 2008 թվականից մինչ այսօր նույն վիճակում էին ճանապարհները: Կարելի է ասել, որ ճանապարհ գոյություն չունի՝ ցեխ է: Անձրեւից, ձյունից հետո այնտեղ քայլելն անգամ առանց ռեզինե ճտքակոշիկների անհնար է: Նաեւ ջրի խնդիր կա: Սոցիալական պայմաններն էլ են շատ վատ: Ուստի հեռանում են Ռուսաստան կամ Հայաստանի ուրիշ գյուղեր: Կինոնկարում ցուցադրված յուրաքանչյուր ընտանիքի անդամներից առնվազն մեկն արդեն Ռուսաստանում է: Երկու շաբաթ առաջվա տվյալներով՝ երեք ընտանիք էլ պատրաստվում էր Ձյունաշողից հեռանալ այլ գյուղ»:

Ձյունաշողում չես շրջի առանց երկարաճիտ կոշիկների. կադր նկարահանման ընթացքից

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Մարիեհամն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031