Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատանում առաջադրվել է այն գյուղապետը, որի ձեռքից Վարդան Ղուկասյանը խլեց գյուղի հողերը

Օգոստոս 10,2012 15:07

Շիրակի մարզի ամենամեծ գյուղական համայնքներից մեկում` Ազատանում,  ևս  գյուղապետի աթոռի համար թեժ պայքար է սպասվում: Այստեղ միմյանց դեմ են դուրս եկել  երկու ՀՀԿ-ականներ` հին ու նոր գյուղապետերը, ինչպես նաև գյուղապետարանի  աշխատակազմի նախկին քարտուղար Հովհաննես Պապոյանը, ով, գյուղացիների ասելով,  նախկին գյուղապետի մարդն է: Նշենք, որ Ազատանի նախկին գյուղապետը` 66-ամյա Կարուշ Ազատյանը, գյուղը ղեկավարեց  մոտ 15 տարի տարի,  և նրա կառավարման տարիները աչքի ընկան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ   պատերազմով: Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետը, աչք դնելով Շիրակ օդանավակայանի ու Արևելյան թաղամասի  հողատարածքներին, կարողացավ այնպես անել, որ կառավարական գերատեսչական հանձնաժողով ստեղծվեց ու  քաղաքավարի խլեց Ազատանին պատկանող  մոտ 450 հեկտար տարածությամբ  հողատարածքները: Դրանք անցան Գյումրու վարչական սահմանների մեջ: Այսպիսով, գյուղացիների հաշվարկներով, Ազատանի  բյուջեն տարեկան կորցրեց 15-20 միլիոն սեփական եկամուտ:

Ազատանցիների ներկայացմամբ, նախկին գյուղապետի պաշտոնանկությանը նպաստեց Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, ով  պարզապես չէր հանդուրժում նախկին գյուղապետին: Տարածված խոսակցությունների համաձայն, տիկին մարզպետը սկսել էր բերրի հողատարածքներ զավթել տարբեր գյուղերից, և երբ մտադրվել է հողատարածք ունենալ նաև Ազատանից ու այս մասին  տեղեկացրել է Կարուշ Ազատյանին, վերջինս  կտրականապես մերժել է`պատճառաբանելով, որ  բունտ կբարձրանա, չի կարող գյուղացիների հողատարածքները մարզպետին նվիրել:

Նախկին գյուղապետը պայքարելու է  ներկայիս գյուղապետ 47-ամյա Վարդան Իկիլիկյանի դեմ, ով ժամանակին աշխատել է  Կարուշ Ազատյանի հետ` որպես աշխատակազմի քարտուղար: Նշենք, որ Վարդան Իկիլիկյանը մարզի ամենահամարձակ գյուղապետերից  մեկն է, կառավարության ցանկացած անդամի մոտ անկաշկանդ բարձրաձայնում է այն բոլոր խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն: Մեր ընթերցողները նրան կհիշեն հայոց բանակին մատակարարվող  կարտոֆիլի  որակի մասին բարձրաձայնած հարցով. նա  Շիրակի մարզխորհրդի նիստը գլխավորող  փոխվարչապետ Արմեն Գևորգյանին  առաջարկեց հսկել կարտոֆիլի որակը, տեր կանգնել պետության փողերին. վերացնել Պաշտպանության նախարարության ու  կարտոֆիլ վաճառող գյուղացիների միջև միջնորդներով առևտուրը,  որպեսզի  միջնորդները  գնի մեջ չխաբեն նախարարությանը և անասնակեր չգնեն բանակում ծառայող զինվորների համար:

Նշենք, որ այս գյուղապետի մասին խոսելիս, Շիրակի մարզպետարանի  տարածքային վարչության պետ  Կարլեն  Աբրահամյանը ամեն անգամ կրկնում է, թե՝ շանս տաս, Իկիլիկյանը Սորբոնի կարգի համալսարան կհիմնի գյուղում: Նշենք, որ Վարդան Իկիլիկյանը 2009 թվականին Տեղեկատվության ազատության կենտրոնի կողմից ոսկե բանալի է ստացել` ճանաչվելով մարզի ամենաթափանցիկ աշխատող  համայնքապետը: Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես  սատարում է նրան,  իսկ նախկին գյուղապետը ՀՀԿ-ական է դարձել բոլոորվին վերջերս`ԱԺ ընտրությունների ժամանակ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031