Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՄԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԸ

Օգոստոս 10,2012 14:58

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ քսաներկուերորդ

ԲԵՄԻ  ԲԱՆՎՈՐՆԵՐԸ

Եվ մեր սեղանակիցներից մեկն անսպասելի խոսեց ու Կարենին հարցրեց՝ «ինձ խոսք հասնում ա՞, ընկեր Ջանիբեկյան», եւ Կարենն ասաց՝ «ո՞նց չի հասնում, Աշոտ ջան» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «Աշոտն ու Գագոն մեր թատրոնում են աշխատում. խոսքով ընկանք՝ մոռացա ծանոթացնեմ», եւ ես տղերքի հետ ծանոթանալով ասացի՝ «Աշոտի դեմքը ծանոթ ա», եւ Կարենն ինձ ներկայացնելով ասաց՝ «Արմոն մեր լավ բանաստեղծներից ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց վերջերս երկարբարակ վեպեր ա գրում» եւ տղերքին ներկայացնելով՝ ինձ ասաց՝ «իրանք հազար տարի ա՝ էս թատրոնում են աշխատում», եւ ես տղերքին հարցրի՝ «դուք էլ ե՞ք դերասան», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «մենք հասարակ բեմի բանվոր ենք, ախպեր ջան», եւ Կարենն ինձ ասաց՝ «հասարակ բեմի բանվոր են, բայց հազար հատ դերասան ու ռեժիսոր արժեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք մեզնից շատ են էս թատրոնը սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու Աշոտին ասաց՝ «բան էիր ուզում ասես, Աշոտ ջան», եւ ես ասացի՝ «Աշոտի դեմքը շատ ծանոթ ա», եւ Կարենն ինձ ասաց՝ «մի խանգարի. մարդը բան ա ասում» եւ Աշոտին ասաց՝ «ասա, Աշոտ ջան», եւ Աշոտն անսպասելի տեղից վեր կացավ, գնաց, դախլի հետեւից բաժակ բերեց, դրեց իմ առաջ ու ժպտալով ասաց՝ «մեր բանաստեղծը մինչեւ հետներս մի բաժակ չխմի, մեզ դժվար թե հասկանա», եւ Կարենը ժպտալով Աշոտին ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ինձ ասաց՝ «ես քեզ մարդկություն ու շնորհք եմ սովորացնում, բայց հյուրասիրության տարրական կանոնները չեմ պահում», եւ Աշոտը բաժակս լցրեց, եւ Կարենն իր բաժակը բաժակիս խփելով ասաց՝ «բարով տեսանք», եւ ես բաժակս Աշոտի ու Գագոյի բաժակներին խփելով ասացի՝ «բարով տեսանք», եւ բոլորս խմեցինք, եւ ես Աշոտին ասացի՝ «բայց դեմքդ շատ ծանոթ ա», եւ Կարենն ինձ ասաց՝ «Աշոտը բան ա ուզում ասի՝ չենք թողում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասա, Աշոտ ջան», եւ Աշոտը մեղավոր ժպտալով ասաց՝ «ընկեր Ջանիբեկյանին էի ուզում բան ասեմ», եւ Կարենն ասաց՝ «ասա, Աշոտ ջան», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «էս Շեկոյանի հետ իզուր եք էսքան երկարբարակ խոսում, Կարեն Գուրգենիչ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ինքը էսօրվա էս սաղ խոսակցությունն էլ ա մեկ առ մեկ գրելու», եւ Կարենը մի քիչ մտածեց, թարս-թարս նայեց ինձ ու հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես զարմացած նայեցի Աշոտին, մի քիչ մտածեցի ու ժպտալով Կարենին ասացի՝ «որ ասում ա՝ երեւի մի բան գիտի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու Աշոտին հարցրեց՝ «իրար ճանաչում ե՞ք», եւ Աշոտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ընդամենը դեմքով», եւ ես Աշոտին ասացի՝ «ասում էի՝ դեմքդ ծանոթ ա», եւ Կարենն Աշոտին հարցրեց՝ «բա ինչի՞ց ես ենթադրում, որ էս սաղ խոսակցությունը գրելու ա», եւ Աշոտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «զգում եմ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ես զգում», եւ Աշոտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «բառերով չեմ կարա բացատրեմ, ընկեր Ջանիբեկյան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրա էդ գրվածքը կարդացել եմ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «էդ մեր մասին գրածը՞», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «չէ. ուրիշների մասին իրա գրածները», եւ Կարենը հարցրեց՝ «որտե՞ղ ես կարդացել», եւ Աշոտը պատասխանեց ու ասաց՝ «էդ «Առավոտ» թերթի մեջ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «իրա էդ սաղ գրածները կարդացել ե՞ս», եւ Աշոտը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «որ «Առավոտի» մեջ մեր Շահվերդյանին քննադատում էին, էդ համարները կարդացել եմ», եւ Կարենը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «էդ վեպիդ մեջ Շահվերդյանին էլ ե՞ս քննադատել», եւ ես ժպտալով ասացի՝ «Շահվերդյանի մասին ոչ մի բառ գրած չկամ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Շահվերդյանին կյանքումս տեսած չկամ», եւ Կարենը թարս նայեց ինձ ու ասաց՝ «կրակն ե՞նք ընկել, որ մեզ տեսել ես» եւ մի քիչ մտածեց ու Աշոտին հարցրեց՝ «բա ասում ես՝ Շահվերդյանին քննադատել ա», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե Շեկոյանն ա Շահվերդյանին քննադատել, այլ՝ լրիվ ուրիշ մարդ», եւ Կարենը  զարմացած հարցրեց՝ «բա Շեկոյա՞նն ինչ կապ ունի», եւ Աշոտն ասաց՝ «որ մեր Շահվերդյանի մասին էդ քննադատությունները կարդում էի, զաադնո Շեկոյանի էդ գրվածքն էլ էի աչքի անցկացնում»,  եւ Կարենը մի  քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «երանի ձեզ», եւ Աշոտն արդարանալով ասաց՝ «Շեկոյանի էդ գրվածքից ընդամենը  հինգ կամ վեց հատված եմ կարդացել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով Աշոտին հարցրեց՝ «կարդացվում է՞ր», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մի քանի հատվածները շատ հետաքրքիր էին, բայց հետո ոնց որ անհետաքրքիր դարձավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ ես կարդալու հետ առանձնապես սեր չունեմ», եւ Կարենը հարցրեց՝ «բա էդ մի քանի հատվածները ո՞նց ես կարդացել», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մի քանի հատվածները չէի կարա չկարդայի», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չէիր կարա», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ էդ մի քանի հատվածներն ընկերոջս մասին էին», եւ ես զարմացած հարցրի՝ «ընկերդ ո՞վ ա», եւ Աշոտը պատասխանեց ու ասաց՝ «Կրիվոյի Նվերը», եւ ես մի քիչ մտածեցի ու Աշոտին ասացի՝ «հաստատ քեզ Նվերի հետ եմ տեսել», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի անգամ էլ Վորոշիլովի դպրոցի հայաթում ֆուտբոլ ենք խաղացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էն վախտերը գրող չէիր», եւ Կարենն Աշոտին հարցրեց՝ «բա ինչի՞ց ես ենթադրում, որ Արմենը մեր էս սաղ խոսակցություը գրելու ա», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե ենթադրում եմ, այլ համոզված եմ», եւ ես ժպտալով Աշոտին հարցրի՝ «ինչի՞ ես համոզված», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «որ ուրբաթախոս Նվերի խոսակցությունն էդքան երկարբարակ գրել էիր, պատկերացնում եմ՝ Կարեն Գուրգենիչի էս խոսակցությունն ինչքան ես երկարացնելու», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանց էդ էլ մեր էս խոսակցությունը շատ երկարեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի լավ ա մեր էս խոսակցությունը գրի, քան թե՝ մարդկանց անձնականի վերաբերյալ սուտ բաներ բստրի», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին հարցրեց՝ «ամենահետաքրքիրը գիտե՞ս որն ա, ընկեր Ջանիբեկյան», եւ Կարենը հարցրեց՝ «ո՞րն ա», եւ Աշոտը նայեց ինձ, հետո նայեց Կարենին ու ժպտալով ասաց՝ «որ ասեմ, կարող ա Շեկոյանը նեղանա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «փոխանակ մենք իրանից նեղանանք, ինքը պիտի նեղանա՞», եւ ես ժպտալով Աշոտին ասացի՝ «չեմ նեղանա, ասա», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «ամենահետաքրքիրն էն ա, որ Շեկոյանը քո ու իրա էսօրվա էս խոսակցությանն էլ ա ահագին բստրած բաներ ավելացնելու», եւ Կարենը զարմացած նայեց Աշոտին ու ասաց՝ «դու կարող ա՞ Վանգան ես, արա՛», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Վանգան չեմ, բայց որոշ բաներ հասկանում եմ, Կարեն Գուրգենիչ», եւ ես ժպտալով Աշոտին հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ էսօրվա  էս խոսակցությունը գրելու եմ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զգում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ շատ ուշադիր էիր ընկեր Ջանիբեկյանի ասածները լսում», եւ ես մի քիչ մտածեցի եւ ժպտալով  Աշոտին ասացի՝ «դու էլ պակաս  ուշադիր չէիր լսում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես գրող չեմ. իմ լսելուց ոչ մի վտանգ չկա», եւ ես մի քիչ մտածեցի ու Աշոտին հարցրի՝ «բա ի՞նչ գիտես, որ էսօրվա խոսակցություններն էլ եմ  բստրելով գրելու», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ քո ու Նվերի խոսակցության մեջ ահագին բան բստրել էիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Նվերի անունից ընենց բաներ էիր գրել, որ ինքը հաստատ ըտենց բաներ չէր ասի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խեղճ Նվերն իրա կյանքի մեջ էնքան խոսացած չկա՝ ինչքան որ քո էդ գրվածքի մեջ ա խոսում», եւ ես արդարանալով ասացի՝ «իմ հետ խոսացել ա», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես իմ զգացածն եմ ասում», եւ Կարենն Աշոտին ասաց՝ «պարզվում ա՝ Արմենի էդ վեպը լավ էլ կարդում ես», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի մոմենտ էղավ՝ վրա-վրա կարդում էի», եւ Կարենը ժպտալով Աշոտին հարցրեց՝ «ըտենց հետաքրքիր կարդացվում ա՞», եւ Աշոտը մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «որ մտնում ես մեջը, տանում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մեջը մտնելը շատ դժվար ա», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ ա դժվար», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոճական առումով ա դժվար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց որ մեջը մտնում ես, տանում ա», եւ Կարենը ժպտալով Աշոտին հարցրեց՝ «որ էդքան դժվար ա, բա դու ո՞նց ես հաջողացրել մեջը մտնես», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոճական առումով ա բարդ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով Աշոտին հարցրեց՝ «բա դու ո՞նց ես էդ ոճական բարդությունը հաղթահարել», եւ Աշոտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «իմ համար ոչ մի դժվարություն չկար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդքանը որ կարդացել եմ, ջրի պես եմ կարդացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ էդ հատվածներն իմ ընկերոջ՝ Կրիվոյի Նվերի մասին էին» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «հետո որ սկսեցիր ուրիշ բաների մասին գրել, սկսեցի չկարդալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համ էլ՝ էդ մոմենտին էդ թերթն արդեն հարուր հիսուն դրամ էր դառել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենք ինչի՞ տեր ենք, որ հարուր հիսուն դրամով թերթ առնենք», եւ Կարենը ժպտալով Աշոտին ասաց՝ «դու էլ հարուր դրամանոց թերթերից առ», եւ մեր չորրորդ սեղանակիցը վերջապես խոսեց ու ծիծաղելով Կարենին ասաց՝ «թարսի  պես՝ էդ հարուր դրամանոց թերթերը Կրիվոյի Նվերի մասին չեն գրում», եւ Կարենը Գագոյին հարցրեց՝ «էդ Կրիվոյի Նվերին դու էլ ե՞ս ճանաչում», եւ Գագոն ասաց՝ «անձամբ չեմ ճանաչում, բայց Աշոտն իրա մասին շատ ա պատմել», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «Նվերն ուրիշ տղա էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տղա որ ասում են՝ էդ Կրիվոյի Նվերն էր», եւ Կարենը հարցրեց՝ «էդ Նվերը մահացել ա՞», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի մահանար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված չանի», եւ Կարենը հարցրեց՝ «բան ինչի՞ եք իրա մասին անցյալ ժամանակով խոսում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ինքը հիմի Ֆրանսիայում ա ապրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ճիշտը որ ասեմ՝ Նվերի Ֆրանսիա ապրելն էլ եմ Շեկոյանի էդ գրվածքից իմացել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Շեկոյանը կարող ա սուտ գրած ըլնի», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «հետո ուրիշներից հարցուփորձով ճշտել եմ, որ Նվերը հիմի իսկականից Ֆրանսիայում ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով Աշոտին հարցրեց՝ «ասում ես՝ էլ Արմենի վեպը չես կարդո՞ւմ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Նվերի մասին չի գրում, էլ չի կարդացվում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մանավանդ՝  հարուր հիսուն դրամով», եւ Գագոն մեր բաժակները լցնելով ասաց՝ «մեր փողը հազիվ արաղի ենք հերիքացնում, ընկեր Ջանիբեկյան», եւ Կարենը նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «հարուր հիսունն իրոք տնաքանդություն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ձեր թատրոնի տոմսերը որ հարուր հիսուն դրամ ըլնեին, ամեն օր թատրոն կգայինք», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով Կարենին ասաց՝ «որ Շեկոյանը ձեր հատվածները սկսի տպել, ստիպված դուք էլ ամեն շաբաթ պիտի հարուր հիսուն դրամ տաք՝ էդ թերթն առնեք», եւ ես ժպտալով ասացի՝ «Կարենենց հատվածներն էրկու տարուց հազիվ տպվեն» եւ մի քիչ մտածեցի ու փռթկացնելով ավելացրի՝ «էդ վախտ կարող ա թերթն էրկու հարուր դրամ դառած ըլնի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «հերիք չի մարդկանց մասին սուտ բաներ ես գրում, համ էլ ծախսի տակ ես գցում», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «էրկու տարուց մենք էլ պիտի էդ թերթն առնենք, որ իմանանք՝ Շեկոյանն ինչ ստեր ա փչել», եւ Գագոն Աշոտին հարցրեց՝ «Ջանիբեկյանի մասի՞ն», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչի՞ մենակ Ջանիբեկյանի մասին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ասում եմ՝ Շեկոյանը մեր էս խոսակցությունն էլ ա ծերից ծեր գրելու», եւ Գագոն զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում. մեր էս սաղ խոսացածը գրի ե՞ս առնելու», եւ Աշոտը փռթկացնելով Գագոյին ասաց՝ «մի բան էլ իրանից ա ավելացնելու», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասում ա, երեւի մի բան գիտի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Աշոտին հարցրեց՝ «ես ի՞նչ եմ խոսացել, որ ինչ գրի», եւ Կարենը ժպտալով Գագոյին ասաց՝ «չես հասկանո՞ւմ, որ էս մարդը սուտ բաներ ա գրում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «կարող ա ոչ մի բան չխոսաս, բայց վերջում պարզվի, որ ամենից շատ դու ես խոսացել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ձեր խոսակցությանը համարյա չեմ խառնվել» եւ մի քիչ էլ մտածեց ու բաժակը վերցնելով ավելացրեց՝ «ես իմ համար խմում եմ», եւ Կարենը ծիծաղելով Գագոյին ասաց՝ «ավելի վատ քո՛ համար» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «քո մասին էլ կգրի, որ խմող ես», եւ Գագոն ժպտալով ինձ ասաց՝ «իմ մասին ինչ ուզում ես գրի, ախպեր ջան» եւ մի քիչ մտածեց ու բաժակը բարձրացնելով ավելացրեց՝ «Աստված թող քեզ բեղմնավոր գրիչ տա», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «բեղմնավորն էլ չափ ու սահման ունի» եւ ժպտալով ինձ հարցրեց՝ «ասում ես՝ արդեն տասներկու հատոր գրել ե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «տասներկու հատոր արդեն տպել եմ», եւ Կարենն ինձ հարցրեց՝ «բա ինչքա՞ն ես գրել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ձերը տասնչորսերորդն ա», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «փաստորեն, շաբաթական հարուր հիսուն դրամ թերթի ենք տալու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չորս հատ թերթի փողով կարաս մի շիշ արաղ առնես», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու Գագոյի վրա գոռաց՝ «զգուշ խոսա, արա՛. ասեցի՝ Շեկոյանն էս սաղ  խոսակցությունը գրելու ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031