Շինարարի օրվա առիթով այսօր Մոսկվայի տան հարկի ներքո հավաքվել էին ոլորտի ներկայացուցիչները: Միջոցառումանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասաց, որ տոնը առիթ է արժեւորելու հայ շինարարին եւ արձանագրելու ոլորտում առկա հաջողությունները:
Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ու Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Խաչիյանը պարգեւատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ շնորհվեց շինարար Արագած Ախոյանին, ճարտարապետներ Արթուր Մեսչյանին եւ Տիգրան Բարսեղյանին: Ոլորտի այլ ներկայացուցիչների խրախուսեցին վարչապետի եւ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերով:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը իր ելույթում նշեց, որ տուն կառուցելը հայ մարդու համար սոսկ կենսաապահովման խնդիր չէ, այն ավելի շուտ ընտանիքի ամրության, ջերմության, ավանդույթները սերնդին փոխանցելու գրավական է: Նախարարը փաստեց, որ հայ շինարարը ժողովրդի կողմից մշտապես գնահատվել է, դրա համար էլ մեր ողջ հայ ազգին «շինարար ազգ» կոչումն է տրվել: Նա հույս հայտնեց, որ միջոցառման ներկաներից շատերի կառույցները տարիներ հետո կդառնան մեր ազգի հպարտության առարկան:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև