Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա՛ ազգային երաժշտությունը քարոզելու հայեցակարգ

Օգոստոս 10,2012 14:42

Հայտարարում է կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանը

Դեռեւս 1980-ականներին հայրենիքում եւ արտերկրում արդեն ճանաչված կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանը 1990-ականների սկզբից ապրում ու ստեղծագործում է Փարիզում: «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց որոշ նկատառումներ՝ Հայաստանում եւ Եվրոպայում ստեղծագործական աշխատաոճի տարբերությունների մասին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ եթե մեզանում որպես նախաձեռնող հանդես է գալիս հիմնականում մշակույթի նախարարությունը ու երբեմն էլ անձամբ արվեստագետը, Եվրոպայում ճիշտ հակառակն է՝ անհատ երաժիշտներն ու ստեղծագործող կոլեկտիվները իրե՛նք են փնտրում ու գործ պատվիրում, որպեսզի նախ սեփական երկացանկը անընդհատ համալրվի, հետո էլ պահպանվի հանդիսատեսի ու մասնագետների հետաքրքրությունը: Արդյունքում շահում է եւ անհատ կատարողը, եւ կոլեկտիվը, եւ, իհարկե, ստեղծագործողը: Որոշ բացառություններ լինում են, օրինակ՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատվերով հայ ստեղծագործողի խորեոգրաֆիկ պատկերը այս տարի «ամրագրված» է այդ երկրի ուսումնական ծրագրում:

Կոմպոզիտորը հավաստիացնում է, թե ի տարբերություն այլազգի ստեղծագործողների՝ ինքն Արեւմուտքում ոչ թե «սինթետիկ», այլ հայ ազգին բնորոշ հոգեւոր ինֆորմացիա պարունակող երաժշտությամբ է ներկայանում: Արթուրը գտնում է, որ Հայաստանում դեռեւս չկա ազգային երաժշտությունը աշխարհում քարոզելու հայեցակարգ՝ ոչ նոտաների եւ ոչ էլ CD-ների տեսքով, թեպետ տարերային բնույթի առանձին նախաձեռնություններ առկա են: Արվեստագետը ակտիվորեն մասնակցում է արեւմտյան մշակութային կյանքի ամենատարբեր դրսեւորումներին, մինչդեռ հայրենիքի հետ կոմպոզիտորի համագործակցությունը այնքան էլ արդյունավետ չէ: Նա հայտնեց, որ Ֆրանսիա տեղափոխվելու հաջորդ տարին՝ 1993թ. Harmonia Mundi ստուդիայի կողմից թողարկվել են Պրոկոֆեւի Առաջին եւ Բաբաջանյանի Ջութակի ու դաշնամուրի համար գրված սոնատների իր անդրանիկ CD-ն ու DVD-ն, մի բան, որ գուցե Հայաստանում տարիներ ձգվեր: Սոնատը կատարել են Արթուր Ահարոնյանն ու ֆրանսաբնակ ջութակահար եւ դիրիժոր Հայկ Դավթյանը: Ի դեպ, օրերս «Գաֆեսճեան» սրահում կայացավ ֆրանսաբնակ երկու երաժիշտների մենահամերգը՝ նվիրված Արթուրի ուսուցչի՝ անվանի կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի հիշատակին:

Արվեստագետը նշեց Փարիզի Ազգային գրադարանի հետ համատեղ իրականացրած Հայաստանի մասին պատմող եւ «Քարտեզների ստեղծումը» վավերագրական ֆիլմերի համար գրված իր կինոերաժշտությունը: Առանձնահատուկ շեշտեց Ջորջ Փահլեւանյանի ղեկավարությամբ Ile de France նվագախմբի «Ջոնաթանի բալլադը» խորեոգրաֆիկ սիմֆոնիկ պոեմի տեսագրությունը դիտելուց հետո մեծանուն գրող Ռիչարդ Բախի՝ իրեն ուղղված հիացական նամակը: «Դա նույնն էր, թե Չապլինից կամ մեկ այլ հանճարեղ արվեստագետից նամակ ստանայի: Նույնիսկ եթե Օբամայից գրություն ստանայի, զարմանքս այդքան մեծ չէր լինի»,- ասաց Արթուրը:

Մեր զրուցակիցը Արեւմուտքում հայտնի է նաեւ իր հասարակական աշխատանքներով, օրինակ՝ ֆրանսիական որոշ գրադարաններում նա դասախոսություններ է կարդում, ներկայացնելով հայ կոմպոզիտորներին: Ժամանակին էլ Փարիզի հանրահայտ «Gavo» սրահում կազմակերպել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված երեկո, որտեղ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացրել է Վարդապետի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված Արթուրի «Մենավոր երգաշարը»: Ռոբերտ Ամիրխանյանի հետ համագործակցության արդյունքում Արթուր Ահարոնյանը 2005թ. Երեւանում հայ երաժշտասերին առաջին անգամ ներկայացրել է բրիտանական փողային կվինտետը՝ հայ կոմպոզիտորների երկերով:

Նա հաստատեց մեզ հասած լուրը, թե պատրաստվում է Երեւանում իրականացնել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մենահամերգը՝ Ամստերդամի «Սիմֆոնիետտա» նվագախմբի հետ, եւ ինքն էլ առայժմ միակ ժամանակակից հայ կոմպոզիտորն է, ում կոնցերտները տեղ են գտել անվանի ջութակահարի նվագացանկում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031