Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտնականները հուշում են պետությանը

Օգոստոս 10,2012 14:36

Որ անհատական նախաձեռնություններով համապետական խնդիր չի լուծվում

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի (ԳԱՏԱՀ) փոխտնօրեն Ալեքսանդր Խաչունցն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս զբաղվել են գիտության ոլորտի առեւտրայնացման ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ, workshop-եր ու սեմինարներ անցկացրել եւ փորձել գիտական հանրության հմտությունները այդ հարցերում ավելի բարձրացնել: Պարոն Խաչունցը տեղեկացրեց, որ թեմային ավելի լուրջ անդրադարձել են՝ մասնավորապես համագործակցելով ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի հետ (US CRDF):

2005-ին ԳԱՏԱՀ-ն իր առանձնահատուկ ծրագիրն է սկսել՝ առետրայնացման մասով, հավաքել գիտական արդյունքների 58 հայտ, որոնք իրենց մեջ պարունակում էին շուկայացման պոտենցիալ: Ծրագրի հաջորդ փուլում 58-ից ընտրվել են առավել հաջողված 16-ը:

«Եթե Հայաստանը մոտակա 2-3 տարվա մեջ կտրուկ քայլեր չանի այս ուղղությամբ, սարսափելի հետ կմնանք առեւտրայնացման համաշխարհային գործընթացից»,- համոզված է պարոն Խաչունցը:

Հիշեցնենք, որ ԳԱՏԱՀ-ի շահառուները այցելել էին ԱՄՆ ու ծանոթացել տեղի փորձին: Նրանց թվում էր Խաչատուր Նազարեթյանը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից: «Մենք սովորեցինք, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել տվյալ համալսարանները՝ հիմնելով տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակներ՝ իրենց համալսարաններում, ինչպես նաեւ տեղեկացանք, թե ինչը մեզ մոտ կաշխատի, ինչը՝ ոչ»,- ասում է երիտասարդը եւ նշում, որ իր ապագան Հայաստանում է պատկերացնում:

«Բոլորին թվում է, թե «դրսում» ամեն ինչ ավելի լավ է, քան այստեղ: Ճիշտ է, ԱՄՆ-ը մեծ հնարավորությունների երկիր է, բայց չի կարելի ասել, որ այնտեղ ամեն ինչ լավ է, իսկ այստեղ՝ վատ: Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ երիտասարդները կարող են իրենց ապագան կերտել Հայաստանում: Իհարկե, չեմ ժխտում՝ շատ խնդիրներ կան, որ ԱՄՆ-ում ավելի լավ եւ վաղուց են լուծված»:

Աննա Սայադյանը եւս այն երիտասարդներից է, ով ԳԱՏԱՀ-ի միջոցով ԱՄՆ էր մեկնել: «Ցանկացած երկրի համար կայուն աճը հիմնականում կապված է մտավոր սեփականության պաշտպանության եւ գիտության արդյունքների առեւտրայնացման հետ: workshop-երը եւ աշխատանքային սեմինարները, որոնց մասնակցեցինք, նպատակ ունեն ստեղծելու համպատասխան տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ: Մեր ցանկությունն է, որ համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծվի, որը կապահովի գիտահետազոտականից դեպի գործարար ոլորտ՝ տեխնոլոգիաների փոխանցմանը: Պարզեցինք, որ կարող ենք կիրառել «դրսում» աշխատող որոշ մոդելներ եւ ստեղծել մերը՝ հայկական շուկային համապատասխան»,- ասում է Աննան:

Ամերիկյան փորձի մասին իր նկատառումները հայտնեց նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Տիգրան Արզումանյանը: Ողջունելով ԳԱՏԱՀ-ի այն նախաձեռնությունը, որը ուղղված է տեխնոլոգիաների փոխանցման խթանմանը եւ առետրայնացմանը՝ նա ամերիկյան գործուղումը օգտակար համարեց: Գիտնականը նույնիսկ ինչ-ինչ բացահայտումներ է արել, թեկուզ այն, որ ԱՄՆ-ում գործընթացը օրենսդրորեն կարգավորվել է 1980-ին, որով մտավոր սեփականության իրավունքները՝ ֆեդերալ եւ կառավարության կողմից ֆինանսավորվող բոլոր համալսարանների, տրվել են հեղինակներին: Դա էլ խթան է հանդիսացել տեխնոլոգիաների փոխանցմանը, նոր արտադրանքին, բիզնես-ձեռնարկատիրությանը: Պարոն Արզումանյանն ասում է, որ չնայած ԱՄՆ-ը շուկայական հարաբերությունների բնօրրանն է ընկալվում, բայց այնտեղ էլ շատ կառույցներ հիմնականում նախաձեռնվել ու ֆինանսավորվում են կամ կառավարության գումարներով, կամ նահանգային մակարդակով՝ դարձյալ պետբյուջեից: Մեր զրուցակիցը վստահեցնում է. «Այս գործուղումը խթան հանդիսացավ, որ ակադեմիայում մի ստորաբաժանում ստեղծվի, որը կզբաղվի կոնկրետ տեխնոլոգիաների փոխանցմանը նպաստող գործունեությամբ: Իհարկե, կարեւոր է, որ շղթայի բոլոր մասնակիցները լինեն երկրում եւ որպես առաջին քայլ շղթայում՝ հեղինակ-ինստիտուտ հարաբերությունների կարգավորումն է օրենսդրորեն, որպեսզի հեղինակն էլ շահագրգիռ լինի իր մշակման ներդրմամբ, իմանա՝ դրանից ինչքան շահ ունի, ինստիտուտի շահը որքան է եւ ինչ է շահում այդ ամենից պետությունը»:

Ճարտարագիտական համալսարանի դասախոս Դավիթ Ղազարյանը գործուղումը դիտարկում է երկու տեսանկյունից՝ իբրեւ երիտասարդ գիտնական եւ որպես դասախոս. «Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանում վերջապես պետք է ստեղծվի տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ, որտեղ դիմեն այն գիտնականները, ովքեր ունեն տեխնոլոգիա ու ցանկանում են դա շուկա հասցնել»: Գիտնականները հայտնեցին, որ ԱՊՀ երկրներից որոշները վաղուց նման կառույցներ ունեն, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, անգամ մեր հարեւան Վրաստանը: Բայց դա բավարար չէ, հարկ է օրենսդրական փոփոխություններ իրականացնել, ի վերջո համալսարաններն էլ պիտի ունենան իրենց մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը, հստակ մշակեն շահույթը կիսելու տարբերակները, քայլերը, հարաբերվելու որոշակի կանոնները: Դավիթը նաեւ փաստում է, որ «դրսի» բուհերում դասերն ինտերակտիվ բնույթի են, իսկ ուսանողները պասիվ դասախոսություն գրողներ չեն:

Խաչատուր Նազարեթյանը ֆիքսել է, որ ամերիկյան բուհերում

դասավանդվող առարկաները ի սկզբանե տանում են նրան, որ երիտասարդ գիտաշխատողները կարողանան ինչ-որ բան ստեղծել եւ մտածել նորարար, իսկ բուհն ավարտում են տեխնոլոգիաների փոխանցման որոշակի բիզնես-հմտություններ ձեռք բերած:

Դավիթ Ղազարյանն էլ նշում է՝ դիպլոմային աշխատանքները այնտեղ գրվում են ոչ թե չորրորդ կուրսում, այլ ամբողջ ուսումնառության ընթացքում եւ կարող են փոխվել՝ ուսանողի, դասախոսի նախասիրություններով կամ շուկայի պահանջերով պայմանավորված. «Դրանք միտված են դեպի շուկան, այլ ոչ թե 20-30 տարվա աշխատանքներ են: Հենց առաջին կուրսում ուսանողների հետ ժողովների ժամանակ խոսում են համաշխարհային պրոբլեմների մասին՝ բնակչության աճ, այլընտրանքային էներգիա, ջրի պաշարներ եւ այլն: Այսինքն՝ գլոբալ հիմնախնդիրների մասին առաջին կուրսեցին պետք է տեղեկացված լինի: Ստացվում է՝ մեր երկրում նաեւ կրթական ոլորտի որոշակի բարեփոխումներ պետք է իրականացվեն»:

Ալեքսանդր Խաչունցն էլ հավելում է. «Մենք Բոլոնյան համաձայնագիրը ստորագրեցինք, անցանք մագիստրատուրայի, ուր չգիտեն՝ ինչ դասավանդել: Արդյունքում՝ երկու տարվա փոխարեն ասում են՝ մեկ տարի սովորեք, մյուս տարին էլ ինչ-որ բան կանեք կիրառական: Էդպես մեկ տարին տանն են նստում, վերջում գալիս-դիպլոմ են ստանում, իսկ դա ձեւ չի: Երիտասարդներին ներգրավե՛ք տրանսֆեր օֆիսների մեջ, թող աշխատեն, հմտություններ ձեռք բերեն»: Գիտնականների խոսքով, արտերկրում պետությունն է նպաստում, որ համալսարաններում զարգանան մասնավոր ընկերություններ, որպեսզի ուսանողներն ավարտելուց հետո կարողանան սեփական ընկերությունները ստեղծել՝ գիտական արդյունքների հիման վրա, իսկ Հայաստանում պետական մակարդակով չկա շահագրգռություն, մեկ-երկու անհատական նախաձեռնությամբ էլ համապետական խնդիր լուծել չի լինի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031